Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների<br /> Արցախ այցելելու որոշումը<br />


Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների
Արցախ այցելելու որոշումը

  • 11-06-2010 20:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ են այցելել հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի համաղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի նախաձեռնությամբ: Ողջունելով հյուրերին, Ս.Սարգսյանն ընդգծել է, որ հատկապես բարձր է գնահատում Արցախ այցելելու նրանց որոշումը: «Դա ձեզ հնարավորություն է տվել տեղում ծանոթանալու իրադրությանը, լսելու Ղարաբաղի ղեկավարության, հասարակ մարդկանց կարծիքը, պատկերացում կազմելու նրանց ձգտումների եւ հաղթահարելիք մարտահրավերների մասին: Եվ այդ ամենը ձեզ հնարավորություն կընձեռի համապատասխան քննարկումների ժամանակ ներկայացնել ոչ թե միջնորդավորված տեղեկատվություն, այլ այն, ինչ դուք անձամբ եք տեսել եւ լսել»,- ասել է նա: Ֆրանսիացի խորհրդարանականները Ս.Սարգսյանին պատմել են իրենց տպավորությունների մասին: Նրանք ասել են, որ անչափ մեծ է տարբերությունը Արցախի շուրջ մինչ այցն ունեցած իրենց պատկերացումների եւ փաստացի տեսածի միջեւ` հօգուտ վերջինիս: Նրանց խոսքերով, ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ձգտում են ժողովրդավարական կանոններով կազմակերպել հասարակական կյանքը, ինչի վկայություններից է նաեւ վերջերս անցկացված հերթական ԱԺ ընտրությունները: Հյուրերը նշել են, որ հատկապես տպավորված են այն բանով, թե ինչ անվտանգ, ապահով եւ խնամված է Ստեփանակերտը, ինչը բնորոշ չէ պատերազմի վտանգի ներքո ապրող քաղաքներին: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին Հայաստանի եւ Արցախի հանդեպ նրանց ցուցաբերած մշտական հետաքրքրության համար` ասելով, որ խորհրդարանական համագործակցությունը երկկողմ կապերի զարգացման, փոխըմբռնման եւ վստահության ձեւավորման լավագույն միջոցներից է:
Նոյյան տապան  -   Քաղաքական