Քաթարի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին<br /> է հանձնել իր հավատարմագրերի պատճենը<br />


Քաթարի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին
է հանձնել իր հավատարմագրերի պատճենը

  • 10-06-2010 19:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, Է.Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, եւ հենց այդ պատճառով որոշում է կայացվել արաբական երկրներում Հայաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ: Դեսպան ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծել է, որ Քաթարում առանձնահատուկ համակրանքով են վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ իր առաքելության ընթացքում ինքը կանի առավելագույնը համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, զրույցի ընթացքում Է.Նալբանդյանն ու Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբին անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, մտքեր փոխանակել մերձավորարեւելյան խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ: Տեղեկանք. Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբին ծնվել է 1959թ.-ին Քաթարում: Ուսանել է ԱՄՆ-ում` ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան: 1998-2002թթ.-ին եղել է Ջեդդայում (Սաուդյան Արաբիա) Կատարի գլխավոր հյուպատոս, 2003-2005թթ.-ին` Ֆիլիպիններում Կատարի դեսպան: 2008-2009թթ.-ին եղել է Կատարի ԱԳՆ Եվրոպական եւ ամերիկյան երկրների վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2009թ.-ի դեկտեմբերից Իրանի Իսլամական Հանրապետությունում Կատարի Պետության դեսպանն է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play