Շահան Գանտահարեան. «ԲՀԿ-ի համաձայնական կառավարության մեջ չներառվիլը վերլուծաբանների վրա հիմնական ազդեցություն գործեց»


Շահան Գանտահարեան. «ԲՀԿ-ի համաձայնական կառավարության մեջ չներառվիլը վերլուծաբանների վրա հիմնական ազդեցություն գործեց»

  • 02-06-2012 14:23:27   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) համաձայնական կառավարության մեջ չներառվիլը խորհրդարանական դաշտին նկատմամբ քաղաքական վերլուծաբաններուն մեկնաբանություններուն վրա հիմնական ազդեցություն գործեց: Շրջանառվող վերլուծումները կարելի է ամփոփել հետեւյալ մտածումներուն շուրջ: Առաջին հայացքով, ԲՀԿ-ի մերժումը կառավարության մաս կազմելուն Հայաստանի քաղաքական դաշտին մեջ կտրուկ փոփոխություն կապահովե, կհակակշռե միակուսակցական իշխանությունը, խորհրդարանին մեջ դժվար կացություն կստեղծե գործող իշխանություններուն համար եւ ընդդիմադիր կուսակցություններու միավորման լուրջ հնարավորություններ կստեղծե: Այս տեսությունը հառաջ քշողներուն համար համարյա՛ պարզ է, որ ԲՀԿ-ի համար արդեն գոյություն չունի այն հուշագիրը, որուն համաձայն, օրվան համաձայնական կառավարությունը կազմող երեք կուսակցությունները` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Օրինաց Երկիր կուսակցությունը հրապարակային հանձնառությամբ եւ հուշագիրի ստորագրությամբ կհայտարարեին, որ պիտի պաշտպանեն գործող նախագահին թեկնածությունը` 2013-ի նախագահական ընտրություններուն: Դարձյալ այս տեսության զարգացման սահմաններուն մեջ կակնկալվի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին վերադարձը, նախագահական ընտրություններուն` թեկնածուի տեսքով: Միշտ ըստ քաղաքական այս վարկածը պաշտպանողներուն, երկրորդ նախագահին ազդեցությունը գերակշիռ է ԲՀԿ-ի կայացուցած որոշումներուն վրա: Այս վարկածին 180 աստիճան տրամագծությամբ կհակադրվի այն մտածումը, որ արձանագրվածը ներիշխանական խաղի կամ ավելի ճիշդը համաձայնեցված դերաբաշխումի արդյունք է: Խորհրդարանական ընտրություններուն ԲՀԿ-ի ընդդիմադիր խաղը պատճառ դարձած է, որ ժողովուրդին մոտ չեզոքացվի կանխորոշման գործոնի ազդեցությունը եւ քվեարկող զանգվածը որոշ չափով աշխուժանա: Այս պատճառ դարձած է նաեւ, որ ԲՀԿ խլե ընդդիմադիր քվեներ եւ մնացյալ ընդդիմադիր կուսակցությունները հազիվ ապահովեն սահմանային անցողիկությունը: Ներիշխանական այս խաղին հավատացողները կխորհին, որ իշխանությունները այս ձեւով միաժամանակ սեփականացուցած կըլլա՛ն թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության դաշտերը: Ինչպես որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ապահոված է իշխանության դաշտի գերակայություն, այնպես ալ ԲՀԿ-ն` ընդդիմադիր: Եթե հետեւինք ԲՀԿ-ի գործիչներուն հայտարարություններուն, այնտեղ պիտի նկատենք մակընթացություն-տեղատվություն երեւույթ մը: Որոշ գործիչներ համեմատաբար սուր ոճով կքննադատեն կառավարությունը, այլ դեմքեր` զսպվածությամբ եւ փափկանկատությամբ: Նույնը` ԲՀԿ-ի հանդեպ հանրապետական գործիչներու կողմե կդրսեւորվի: Համենայն դեպս առ այսօր ԲՀԿ-ն ինքնաբնութագրման համար կօգտագործե ,խիստ կառուցողականե, «այլընտրանք» բառեզրերը եւ հստակորեն չի ճշդեր իր կարգավիճակը: Խորհրդարանի առաջին քննությունը որոշ չափով բարացուցական է. թերեւս կանուխ է հաստատելը, սակայն Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ցուցանշային իմաստ ունի: ԲՀԿ այստեղ ո՛չ այլընտրանքի եւ ո՛չ ալ խիստ կառուցողականության փաստը տվավ. իսկ ընդդիմադիրի` երբեք: Միակուսակցականության հակակշռումը կբխի պետության եւ հասարակության շահերեն: ԲՀԿ-ն այս առումով հայտնված է բոլորի ուշադրության կեդրոնը: Կարգավիճակի բնութագրման համար գործածուող ըսելաձեւերը երկրորդական բնույթ կունենան, եթե ԲՀԿ իրողապես սատարե այդ գործառույթի իրականացման: Շահան Գանտահարեան «Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն