Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին
05-06-2012 16:16:53 | Հայաստան | Քաղաքական
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությանը:
Ադիլբեկ Ջակսիբեկովը կարեւորել է պատվիրակության` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը:
Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, պաշտպանության, անվտանգության բնագավառներում փորձի եւ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական փոխգործակցության խթանման, այս ոլորտում նորմատիվային բազայի հստակեցման ուղղությամբ ձեռնարկված եւ պլանավորվելիք քայլերի կարեւորությունը:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջեւ, ի լրումն պաշտպանության ոլորտի, առկա է համագործակցության մեծ ներուժ նաեւ այլ ոլորտներում, եւ երկու երկրների նախագահների կառուցողական եւ ակտիվ երկխոսությունը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման համար:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: