ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ, եղավ մի շարք համայնքների կրթական հաստատություններում, որոնք վերանորոգվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով:
Մարզպետ Կ. Շահագալդյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այցելեց Բջնի, Արգել, Նոր Գեղի, Զորավան, Արագյուղ համայնքների դպրոցներ, ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին: Արգելի, Նոր Գեղիի եւ Զորավանի դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում ծրագրի երկրորդ փուլով, նորոգումը շարունակելու համար գումարներ են հատկացվել նաեւ երրորդ փուլով: Ծրագրի երկու փուլերով ընդհանուր առմամբ Արգելի, Նոր Գեղիի եւ Զորավանի դպրոցներին հատկացվել է համապատասխանաբար 75, 70 եւ 65 մլն դրամ: Բջնիի եւ Արագյուղի դպրցների վերակառուցումը կիրականացվի ծրագրի երրորդ փուլով, այդ նպատակով հատկացված է համապատասխանաբար 30 եւ 35 մլն դրամ:
Արգել համայնքում Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ վերանորոգված եւ կահավորված մշակույթի տուն, ծանոթացավ շենքային պայմաններին: Համայնքի ղեկավարը հյուրերին առաջարկություն ներկայացրեց գյուղում նաեւ արվեստի դպրոց կառուցելու մասին` ծանոթացնելով շենքային լուծումների վերաբերյալ մոտեցումներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը լրացուցիչ կքննարկվի:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Կոտայքի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն կրթական հաստատությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, խմելու եւ ոռոգման ջրագծերի վերակառուցմանը: