Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը


Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

  • 12-06-2012 14:32:40   | Հայաստան  |  Քաղաքական

Հունիսի 12-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել եք որպես ԵԱՀԿ գործող նախագահ, եւ հուսով եմ շուտով հյուրընկալել Ձեզ Երեւանում նաեւ որպես բարեկամական Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար»: «Հայաստանն աջակցել է Իռլանդիայի թեկնածությանը ԵԱՀԿ նախագահողի ընտրություններում, եւ մենք, հանդիսանալով ԵԱՀԿ ակտիվ անդամ-պետություններից մեկը, կնպաստենք իռլանդական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության եւ կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելեց նախարար Նալբանդյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էյմոն Գիլմորն ասաց, որ ուրախ է այցելել Երեւան եւ ծրագրում է նաեւ ժամանել Հայաստան երկկողմանի այցով: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ Իռլանդական նախագահության օրակարգի կարեւոր հարց հանդիսացող Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովման շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված Ադրբեջանի քայլերը: «Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին եւ այս առումով մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ արտահայտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում եւ 2011թ.՝ Դովիլում»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ իռլանդական նախագահությունը մտահոգված է իրավիճակի սրմամբ եւ նպատակադրված է քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցման եւ իրագործման ուղղությամբ: Նա հավելեց, որ ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Էյմոն Գիլմորը նաեւ դրական գնահատեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները եւ վերահաստատեց ԵԱՀԿ բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության բարեփոխումներին: Էդվարդ Նալբանդյանի եւ Էյմոն Գիլմորի հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս:
Նոյյան տապան  -   Քաղաքական