Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը երեկ հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը: Ազնավուրը կարեւորել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով անցած տարի Երեւանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը եւ ընդգծել այդ նախաձեռնության շարունակման ուղղությամբ Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Գուտերեշը նշել է իր եւ գրասենյակի մշտական ուշադրությունը ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում եւ հաստատել գրասենյակի պատրաստակամությունը` Հայաստանին աջակցելու փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում: