Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը
22-06-2012 16:14:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր նախաձեռնություններում:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ բուլղար ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական ու ջերմ վերաբերմունքը միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման նպաստավոր հիմք է, որը զարգացման մեծ ներուժ ունի:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բուլղարիայի դեսպանը կարեւորել են երկու երկրների միջեւ փոխգործակցությանն ուղղված իրավապայմանագրային դաշտի լիարժեք ձեւավորումը, տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելություններն ու հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը, կողմերի համոզմամբ, ոչ միայն կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, այլ նաեւ կխթանի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը:
Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից: