Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին
25-06-2012 17:56:52 | Հայաստան | Քաղաքական
Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարարին:
Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդները որպրես հարեւաններ կապված են անցյալով, ներկայով եւ ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:
Դեսպան Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ընդգծեց, որ Իրանի իշխանությունները մեծապես կարեւորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը եւ հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, անդրադարձ կատարվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշվեց, որ հանձնաժողովը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: