Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին


Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

  • 29-06-2012 10:37:43   | Ֆրանսիա  |  Քաղաքական

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի եւ Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ քննարկումներում առանցքային նշանակություն ունեցող՝ Հայաստանում բարեփոխումների լայն օրակարգին: Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին եւ իր մտահոգությունները ներկայացրել հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ: ԵԺԿ գագաթնաժողովի մասնակիցներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումն այս հարցում՝ վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամությունը, ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ ղեկավարությանը եւ բոլոր անդամ կուսակցություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ հայաստանյան երկու այլ՝ ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններին ԵԺԿ մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցության համար: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ դա կխթանի Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ու մեծապես կնպաստի համագործակցության ծրագրերի իրագործմանը: Սերժ Սարգսյանն իր խոսքում կարեւորել է օրվա հիմնական քննարկման թեման՝ նշելով, որ եվրոյի ձախողումը անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի կամ հարեւանների հետ ինտեգրացիոն գործընթացներին, այլեւ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական