Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային
02-07-2012 18:08:09 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային
Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային:
Նախարար Հ.Հակոբյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` մասնավորապես կարեւորելով արգենտինահայ համայնքի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին եւ «Արի տուն» ծրագրին:
Դեսպանը նշեց, որ արգենտինահայ համայնքը լիովին ինտեգրված է Արգենտինայի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու եւ Հայ առեւտրաարդյունաբերական պալատների ցանցի եւ Արգենտինայի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ համագործակցության հեռանկարները: Մասնավորապես քննարկվեց «Հայի հետքը Արգենտինայում» ծրագրի իրականացման, արգենտինահայ համայնքի մասին ֆիլմի նկարահանման եւ Արգենտինայում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդումների արբանյակային հեռարձակման հնարավորության հետ կապված հարցեր:
Նախարար Հ.Հակոբյանը Հայաստանում Արգենտինայի դեսպանությանը նվիրեց «Հայկական Սփյուռք 2010» տարեգիրքը: