Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին
03-07-2012 16:35:34 | Հայաստան | Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ: «Ձեր հաջող աշխատանքը բխում է մեր երկու երկրների շահերից: Մենք պատրաստ ենք Ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի այդ առաքելությունն արդյունավետ իրականացնեք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում հայ-ալբանական հարաբերությունների ակտիվացմանն ու խթանմանը: Հայ եւ ալբանացի գործարարների միջեւ շփումների ու կապերի հաստատման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել բիզնես ֆորում:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Դաշնոր Դերվիշին վարչապետին է ներկայացրել նաեւ Ալբանիայի եվրաինտեգրման գործընթացը եւ այդ համատեքստում կարեւորվել է երկուստեք փորձի փոխանակումը: