ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում


ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում

  • 04-07-2012 17:59:41   | Ֆրանսիա  |  Մշակույթ

Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը: Փառատոնի շեմին` hուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի «Արցախ. հայկական ավանդույթների եւ արվեստի այգի » գիրքը` նվիրված Արցախի անկախության 20 ամյակին: Դասախոսություններով հանդես եկան պատմաբան Կլոդ Մութաֆյանը եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Վերջիններս ներկայացրին Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը: Միջոցառմանը ներկա Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը իր վստահությունը հայտնեց առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ երկխոսության միջոցով եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Միջոցառումը կայացավ հայկական կազմակերպությունների համակարգի (COADA) տնօրինության եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ: Հուլիսի 3-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի մշակութային կենտրոնի 700 տեղանոց լեփլեցուն դահլիճում տեղի ունեցավ Արցախի հանրապետության պարի պետական համույթի հերթական համերգը: Համերգին նախորդեցին պատմաբան` Կլոդ Մութաֆյանի եւ արվեստի պատմության մասնագետ` Տիգրան Կույումջյանի դասախոսությունները` Արցախի պատմության եւ մանրանկարչական արվեստի վերաբերյալ : Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Վիլյորբանի քաղաքապետ` Ժան-Պոլ Բրետը, որի հովանու ներքո կազմակերպվել էր միջոցառումը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց Վիլյորբան քաղաքի եւ Արցախի միջեւ խորը մշակութային կապեր հաստատելու մտադրության մասին: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ, լրագրողներ: ԼՂՀ պարի պետական համույթի հաջորդ ներկայացումը կանցկացվի Էքս-ան-Պրովանս քաղաքում, որը Ստեփանակերտ քաղաքի հետ մտադիր է դառնալ քույր քաղաքներ: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մշակույթ