24-07-2012 07:36:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վերջապես կինոն` իբրեւ քարոզչամիջոց եւ թաքնված գովազդ, եկավ օգնության Արցախում եւ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու մեր անդուլ փորձերին, ու դրա վառ ապացույցն է «Եթե բոլորը» ֆիլմը, որ այս տարվա «Ոսկե Ծիրանի»-ն ճանաչվեց լավագույն հայկական գեղարվեստական ֆիլմը, ինչպես նաեւ արժանացավ էկումենիկ ժյուրիի մրցանակին, երեւի «ռոուդ-մուվիի» ժանրում իրական հոգեւոր առաջնորդի աննախադեպ հայտնության համար:
Ֆիլմի գաղափարակիր, պրոդյուսեր, սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը նախընտրել է ռուս որոշ իմաստով «կույս»-երի հետ կիսել դափնու պսակները, քանի որ թե ռեժիսորի (Նատալյա Բելյաուսկենե) եւ թե գլխավոր դերակատարուհու (Եկատերինա Շիտովա) համար ֆիլմը դեբյուտային էր:
Անզեն աչքով երեւում է. ջանք չեն խնայել Երեւանը որպես վարդավառ-հեքիաթ ներկայացնելու, Վայքի, Սյունիքի, Արցախի բնության հրաշալիքները ցուցադրելու համար: Անգամ հին երազ «ծովից ծով Հայաստանն» են առարկայացրել` իբրեւ խենթ վարորդի բեռնատարին կցված մի նավ, ու իրենց նոր երազը` հովանավորվող ազգային մշակույթի խորհրդանիշ դարձած Վանքի էշերի մրցարշավը, պատկերել «հավուր պատշաճի»: Դժվար է պատկերացնել, որ ասենք Հոլիվուդում ֆիլմ կնկարվի Օբամայի բարձր հովանու ներքո, հետո էլ մրցանակի կարժանա Օբամայի ախպոր պատվավոր նախագահությամբ գործող փառատոնին, բայց արի ու տես, որ «Եթե բոլորը» ոչ միայն ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, այլեւ նվիրվել է ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին, իսկ սա ստիպում է Միքայել Պողոսյանի առաջարկած տրագիֆարսին լուրջ մոտենալ: Ուրեմն, ֆիլմի ասելիքն ավելին է, քան պարզապես` «մենք ուտող-խմող, ուրախ եւ հյուրասեր ժողովուրդ ենք»: Ի սկզբանե գլխավոր հերոսի թասընկերոջ բերանով ասվում է բանը. «Եթե բոլոր չինացիները միաժամանակ ցատկեն` աշխարհը շողուլից կընկնի, ու աղետ կլինի»: Իսկ թե ի՞նչ պիտի անեն բոլոր հայերը, որ աշխարհի հերն անիծեն, հարցի պատասխանը ստանալու համար առաջարկվում է նայել ողջ ֆիլմը, թեպետ եւ ապարդյուն:
Պարզ է` չինացիները մեզ ապագա չեն, մեզ պետք են ռուսները, ու դրա համար էլ ինքնաթիռը հայ ժողովրդին նվեր է բերում Սաշա անունով սիրունիկ ռուս աղջկա` կեչու տնկին ձեռքին, որ, ինչպես պարզվում է, արցախյան ռուս ազատամարտիկի դուստր է` մոր կողմից էլ հայ, չնայած հայի արյունը երեւի շատ թույլ է, որովհետեւ ոչ մի կերպ իրեն չի զգացնում: Ուրեմն Մասլեննիկովա Սաշայի մորը` Լիլիթին, սպանել են Սումգայիթի ջարդերի ժամանակ, ու հայրը` Մասլեննիկով Սաշան, վրեժի ծարավից դրդված, եկել միացել է հայ ազատամարտիկներին, որ կռվի Արցախի ինքնորոշման համար, եւ հերոսաբար զոհվել: Ավելի մեծ սուտ դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով էն պատմական փաստը, թե ժամանակին Կրեմլում նստած, մեզ դեռ իբր ղեկավարող ռուսներն ինչ դերակատարում են ունեցել հենց Սումգայիթում, բայց, ինչպես ասում են, սա արվեստ է, մտքի թռիչք, ու պետք չի քաղաքականացնել: Աղջիկն եկել է ռուս ազատամարտիկի գերեզմանին ծառ տնկելու առաքելությամբ, ինչում էլ նրան օգնում են հոր զինակիցներն ու գլխավորապես հրամանատարը, նույն ինքը` «կամանդիր» Գուգոն: Միքայել Պողոսյանը ոչ միայն մտահղացել է Արցախյան ազատամարտի նման յուրօրինակ մեկնությունը, այլեւ Գուգո հատկանշական անունով օժտել ինքն իրեն: Ուրեմն Գուգոն հասարակ կռված տղա չի, այլ իսկական, հին, հինգաստղանի երեւանցի, եւ դա է վկայում էն ոչ անկարեւոր փաստը, որ ինքն ապրում է Տերյան 11 հասցեով տանը: Չիմացողներին ասեմ, որ դա Աֆրիկյանների հայտնի ակումբի շենքն է, որի վրա ներկայումս կախված է քանդվելու սպառնալիքը: Ֆիլմն էդ շենքը պահպանելու համար չի նկարվել, ենթադրում եմ, որ հասույթից էլ ոչ մի կոպեկ չի հատկացվի դրան: Շենքն օգտագործվել է պարզապես որպես դեկոր` Գուգոյի ազնվականությունն ընդգծելու համար, որովհետեւ հիմա նա հարբեցող դզող-փչող է դարձել: Ի դեպ, հարբեցողության մասին: Ֆիլմը, ընդհանրապես, սկզբից մինչեւ վերջ հեղեղված է կերուխումներով, ավելի ստույգ, օղու շուրջն ընթացող խնջույքներով, եւ անգամ հայկական գինու տուն` Վայքի Արենի գյուղում, սեղանին օղի է դրված, էլ չասեմ, որ Գանձասարի սեղանատանը տղերքն օղի են «գմփցնում»՝ երեւի ռուսներից ոչ պակաս խմող ժողովուրդ երեւալու համար կամ իբրեւ երախտիքի ժեստ մեծ եղբորը՝ մեզ խմել սովորեցնելու համար: Դա էլ կարեւոր չի: Կարեւորը, որ մեր Գուգոն հենց էնպես չի խմում. ինքը հարբեցող է դարձել դարդից (կին-երեխա-ընտանիք ֆիլմում չեն երեւում, երեւի չունի էլ), ոչ թե նեղ անձնական, այլ` հայոց համազգային դարդից:
Ուրեմն ռուս աղջիկ տեսնելիս Գուգոս իրեն չի կորցնում, ինչպես ֆիլմում պատկերված բոլոր ջահել հայ տղերքը, այլ նստեցնում է Երեւան-Վայք ավտոբուսն ու ճանապարհում իրենց մյուս զինակցի` Արջի մոտ: Հետո մտափոխվում, առեւանգում է մի խուրձ 7 ունեցող «գոլդ» համարով «լենդրովեր ջիփ» ու գնում վերանվաճելու իր երբեմնի հաղթանակը: Ի դեպ, Գուգոս հենց նստում է «ջիփի» ղեկին, միանգամից իրեն դնում է իր երազած տղու տեղն ու գալիս լկիտաբար կտրում է վերոնշյալ Երեւան-Վայք ավտոբուսի առաջը, մի հատ էլ գոռգոռում անկեղծորեն վրդովված վարորդի ու խեղճ ուղեւորների վրա: Մենք կուլ ենք տալիս էդ լկտիությունը` մտածելով, որ Գուգոն կռված-տուժած-կոնտուզիա ստացած տղա է. մեզ համար է կռվել, իրեն կարելի է. ով ասես գյուղացու վրա գոռում է, թող մի հատ էլ Գուգոն գոռա, ինչ անենք: Բայց Գուգոն չի հանգստանում, անընդհատ գոռում-լացում ու հարբում է մինչեւ ֆիլմի վերջը, երբ մի լավ «տփոց» է ուտում:
Եթե Արցախյան ազատամարտի անտեղի շահարկումը մի կողմ թողնենք, տակը կմնա միայն «Տղամարդիկ» ֆիլմի հաջողությունը կրկնելու անթաքույց փորձը: Մի երկու տեսարան պարզապես մեկից մեկ թխած են: Օրինակ՝ տոնախմբության պարի կամ վերջին կերուխումի տեսարանը, որ մարտահրավեր է հայտնի «Քամին զանա»-ին: Ի դեպ, գյուղական խրախճանքի դրվագում մենք ներկայանում ենք իբրեւ դաժան աբորիգեններ: Արջն անկեղծ ափսոսանք է հայտնում, որ ճակտին կռանի մի հարվածով եզ տապալող շատ քիչ մարդ է մնացել, ու մենք հայ-հայ կորցնելու վրա ենք ազգային հնամենի սովորույթը: Պարզվում է նաեւ, որ հայ աղջիկներն էնքան անսիրտ են, որ ոչ մեկի մտքով չի անցնում փրկել նուռուվարդով զարդարված եզոյին, իսկ այ, բարեսիրտ, քնքուշ ռուս աղջիկ Սաշան հենց էդպես էլ վարվում է ու կռանը թաքցնում «լենդրովերի» թափքում: Ինչպես կասեր Ստանիսլավսկին, պետք կգա: Եվ իսկապես պետք եկավ` մանրումիջին բիզնեսը ճնշելու գործում: Մեր նախկին ազատամարտիկների ավազակախումբն Արցախում ռոբինհուդավարի գնում է շուշեցի խանութպանից պարտքն ստանալու` էդ կռանի ու մի բիձուց վերցված ատրճանակի շնորհիվ (Արցախում միայնակ ծերուկներն ինքնաշեն հրազեն են տանը պահում): Բայց դրանք դետալներ են: Ոչ միայն հայ աղջիկներն են անշահեկանորեն ներկայացվում ռուսի կողքին, այլեւ մեր կանայք: Հայ կանանց հասել է, բնականաբար, երկրորդական` բնութագրական դերեր: Նրանք բոլորը չաղ են ու բարի եւ զբաղված են տղամարդկանց կերակրելով ու նրանց բորբոքված կրքերը մարելով: Չաղ ու բարի է Գուգոյի հարեւանուհին, որ հիացմունքով պատմում է Աֆրիկյանների ակումբի մասին` իբրեւ անառականոցի, ոչ թե մշակութային օջախի: Չաղ ու բարի է Արջի կինը, որ առիթ է տալիս թոնրի վրա կախված կրծքով հիանալու: Չաղ ու բարի է սահմանապահների խոհարարուհին, որ, ի տարբերություն նախորդ երկուսի, գրեթե առանց ակցենտի է խոսում ռուսերեն:
Թե ինչ կարիք կար մեր ազատամարտիկներին ներկայացնել` Ճուտ, Վասիսթդաս, Գանդուրաս ու նման ածականներով, իսկ արցախցի ազատամարտիկին իբրեւ «մեյմուն»` Մուլտ մականունով եւ այդ ֆոնին թողնել միակ իրական հերոս ռուս Սաշա Մասլեննիկովին, դրա շուրջը թող մտածեն ֆիլմը հովանավորող ՊՆ-ում, բայց զուտ կինոյի տեսակետից, ամենեւին էլ յուրօրինակ չի հայ տղամարդկանց պատկերել իբրեւ 2 տարեկանի ուղեղով մանկամիտ արարածների: Դա հին եւ բոլորիս շատ հայտնի մոտեցում է` ռուսի սիրած Կովկասն ու կովկասցին: Բավական է հիշել «Միմինո»-ն, որտեղ երկու դմբլո կովկասցի տղամարդ փորձանքի մեջ են հայտնվում, եւ նրանց փրկում է մի ջահել ռուս աղջիկ: Ազատամարտիկ Արջն անընդհատ անկապ «լարվում» է ազատամարտիկ Մուլտի հետեւից, անգամ Գանձասարի պարսպի վրայով` հանուն էժանագին կոմիկական էֆեկտի: Կովկասցի տղամարդկանց միամիտ ու դմբլո ներկայացնող խորհրդային կինոյի էս ավանդական կարծրատիպը հետխորհրդային հայկական կինոյում լավագույնս դրսեւորվում է հենց այս ֆիլմում:
Պատրիարխալիզմն ու կանանց նկատմամբ դրսեւորվող խտրական վերաբերմունքն անընդհատ աչքդ են մտցնում, թեկուզ Ստեփանակերտի «մուժսկոյ սալոն»-ի անիմաստ ցուցադրությամբ, որովհետեւ Գուգոն չի ուզում կտրել մազերը, Գուգոն ուզում է ի՞նչ. դե իհարկե՝ խմել: Պետք չի մեզ անընդհատ հիշեցնել դրա մասին: Հասկացանք, ձեր պատկերացրած խելահաս հայրենասերը հարբեցող է: Էս ամենից հետո այլեւս չես զարմանում, երբ Գանձասարում տեր հորը բարեւելիս, աջհամբույրի փոխարեն, տեսնում ես ախպերավարի պաչպռոշտի, ու անգամ, երբ Պարգեւ սրբազանը հայտնվում է ինքն իր դերում (նման ժանրի ֆիլմում իրական հոգեւոր առաջնորդի աննախադեպ հայտնություն, որ հանձն չեմ առնում մեկնաբանել), եւ վերջնականապես համոզվում ես, որ ամբողջությամբ «օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը…» ավանդական քարոզի ականատեսն ես: Ուրեմն, մի բան էր մնացել, որ դեռ ռուսին չէին ծախել` մեր հաղթանակն Արցախում, էն էլ ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ` ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, ԼՂՀ նախագահի, ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Միքայել Պողոսյանի ջանքերով նվիրեցին ռուսին` Մասլենիկովին դարձնելով միակ իրական հերոս` արջուկ-մուլտ-գագոների տրագիֆարսի ֆոնին:
Վերջում խորհրդանշական կերպով գալիս է դատաստանի ժամը, երբ Մոխրոտի կառքը դդում է դառնում, իսկ մենք կորցնում ենք ուժի սիմվոլ «ջիփը», որովհետեւ ոստիկանության փոխարեն վրա են տալիս հարց լուծող տղերք, համապատասխան բառապաշարով «սամասուդ» անում մեր կոմիքսային ազատամարտիկների եռյակին, եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը: Հերոսները «մանթրաշից» տրվում են հիստերիկ ծիծաղի: Հանդիսատեսն ուրախանում է, որ բախումն իր հետ չի եղել: Բոլորը զվարճանում են Սաշայի «Լոխ լավ ա՞» հարցի վրա, իսկ մեզ մնում է արձանագրել. «Փիս ա, մատաղ, լյահնդի վրեմյապռեպռավաժդենի ա, վեչ թա կինո, մըր կինոն տի ամալ չի կիլյական»:
Արմեն Օհանյան
epress.am