Սեպտեմբերի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում ունեցավ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլե կազմակերպության փոխնախագահ, ֆինանսական կառավարիչ Ռոբերտ Բլումի եւ ՀՀ-ում գրասենյակի տնօրեն Ա. Ղազանչյանի հետ:
Նախարարն ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց մինչ օրս կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունավետությունը եւ համոզմունք հայտնեց, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:
«Մենք զարգացման մեծ հեռանկարներ ունենք, եւ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար: Վերջին տարիների ընթացքում պետությունն առավել մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը: Բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ են իրականացվում եւ պետության կողմից պատշաճ աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Համաշխարհային բանկի հետ համատեղ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլե-ի համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող արոտավայրերի բարելավման եւ կառավարման ծրագիրը թերեւս լավագույններից է, որը նպատակ ունի նվազեցնել աղքատության մակարդակը հանրապետության բարձր լեռնային բնակավայրերում եւ ընդլայնել կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալներըե,- նշեց նա:
Պրն. Բլումը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրեց, որ լինելով ծրագրում ընդգրկված մի շարք համայնքներում, տպավորված է աշխատանքների ընթացքով եւ արդյունավետ գնահատեց դրանց իրականացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր, մասնավորապես շոշափվեց համայնքների թվի ավելացման խնդիրը, որին պարոն Բլումը դրականորեն արձագանքեց:
Համագործակցության ուղղությունների ընդլայնման համար նախարարն առաջարկեց ուսումնասիրել ՀՀ-ում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների բացօթյա տոնավաճառների ավելացմանն աջակցելու հնարավորությունները:
Պրն. Բլումը պատրաստակամություն հայտնեց մանրամասն ուսումնասիրել ներկայացված առաջարկները եւ տեղեկացնել ընդունված որոշումների մասին: