Ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կլինի Հայաստանի համար


Ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կլինի Հայաստանի համար

  • 18-03-2011 14:12:52   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն մարտի 18-ին ընդունել է Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլուն: Ողջունելով հյուրին, Տ.Սարգսյանը կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ակտիվացումը. «Կարծում եմ` դա բխում է մեր ժողովուրդների շահերից, քանի որ տնտեսական տարածության եւ գործունեության դաշտի ընդլայնումը տնտեսվարող սուբյեկտների համար ավելացնում է երկու երկրների տնտեսական աճի ներուժը»: Այդ համատեքստում նա խոսել է հաղորդակցության արդյունավետ կազմակերպման կարեւորությունից` մասնավորապես, անդրադառնալով ճանապարհաշինության, տրանսպորտային բեռնափոխադրումների եւ մաքսային ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Ռ. Նիկոլաիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Հայաստանի վարչապետին փոխանցել նրա վրաց պաշտոնակցի ողջույնները: Նա ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձը` մասնավորապես, խոսելով ճանապարհների անվտանգության ապահովման, սպասարկման, պահպանման եւ մրցույթների անցկացման մասին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կլինի Հայաստանի համար: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, այդ թվում` ճանապարհաշինության ծրագրերի նախագծեր: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաեւ Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն