Վարդան Օսկանյան. Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր
Վարդան Օսկանյան. Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր
28-09-2012 08:57:27 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ընդգրկելու համաձայնություն տալու մասին որոշում կայացվի: Այդ կապակցությանբ Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որեւէ իրավաբանական բովանդակությունից:
Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն:
Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որեւէ իրավական հիմք չի կարող ունենալ:
Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչեւ վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է եւ բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաեւ այս հաշվարկներում են սխալվել:
Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում եւ այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ իր հերթին մեկնաբանել է, որ «համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի` Ազգային ժողովի նախագահը, ստանալով գլխավոր դատախազի միջնորդագիրը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին, պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել պատգամավորին, ինչը այս դեպքում չի կատարվել եւ, ըստ էության, օրենքի խախտում է:
Սա օրենքի բացահայտ արհամարհանք է եւ անուղղակիորեն հաստատում է Վարդան Օսկանյանի` քաղաքական հետապնդման վերաբերյալ վարկածը»: