Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարին

  • 12-10-2012 16:00:21   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության եւ կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Արտյուխին: Ողջունելով հյուրին` Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը համայն հայության հոգեւոր կենտրոն հնարավորություն են ընձեռում լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին եւ նրա հոգեւոր արժեքները: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները ջերմ են ինչպես պետական, այնպես էլ հոգեւոր մակարդակում: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, ինչպես նաեւ ՌԴ-ում հայ համայնքի եւ Նոր Նախիջեւանի ու Ռուսաստանի հայոց թեմի կյանքին: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Յուրի Արտյուխին` Մոսկվայի հայ համայնքին եւ հայոց թեմին ցուցաբերվող զորակցության համար: Իր հերթին Յ. Արտյուխը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ողջույններն ու մաղթանքները: Իր խոսքում Յ. Արտյուխը նաեւ ընդգծեց Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական ընդարձակ համալիրի եւ առաջնորդանիստ տաճարի կարեւորությունը` նշելով, որ այն զգալի դերակատարություն կունենա հայ համայնքի հոգեւոր կյանքում: Հանդիպմանը ներկա էր նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն