«ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն շահագործում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը (Տեսանյութ)


«ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն շահագործում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը (Տեսանյութ)

  • 17-10-2012 12:04:46   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն



«ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել Արագածոտնի մարզում: Այն Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարն է լինելու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից, որի «Փորձաքննություն» բաժնում տեղադրված է պոչամբարի նախագծի բնապահպանական մասը: «ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն շահագործում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը: Պոչամբարը գտնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում` Մելիք գյուղի վարչական տարածքում: Ըստ նախագծի` պոչամբարի մակերեսը կազմում է 1.53 հա: Մեջբերումներ նախագծից. «Հանքահարստացման ընթացքում գոյանում են պոչեր, որոնք կազմում են արտադրողականության 88,6%-ը:… Պոչանքների պինդ մասի բաղադրությունը հետեւյալն է` SiO2 – 46,23%; AL2O3 – 10,81%; MgO – 5,17% ; TiO2 – 0,82 %; CaO – 6,41%; MnO – 0,15%; Fe2O3 – 6,4%; FeO -3,62%; ՇԿ-12,71% : Պոչերը հրդեհապայթյունավտանգ չեն եւ ոչ լուծելի: …ջրի ընդհանուր ծախսը պոչամբարի շինարարության ժամանակ կազմում է 35627մ3։ Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործված տեխնիկական ջուրը օգտագործվում է անվերադարձ: Ջրահեռացումը բացակայում է: …Պոչամբարի շահագործման ժամանակ փոշու արտանետման աղբյուր կհանդիսանա պատնեշի մակերեսը: …պատնեշի եւ կատարի մակերեսից տարվա ընթացքում մթնոլորտ է արտանետվում (քամեփչում) 25.6տ փոշի, ինչը օրեկան կազմում է 0.128տ/օր, չհաշված անձրեւային եւ ձնածածք օրերը: Քամու ազդեցության տակ բացահանքի կատարից եւ պատնեշից փչվող փոշու հետեւանքով պոչամբարի շրջակայքում սպասվում է մինչեւ 0.04 ՍԹԿ միավոր կոնցենտրացիա»: Նշենք, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կառուցած նախորդ պոչամբարները մեծ անախորժություններ են ներկայացրել Մելիք գյուղի բնակչությանը` վնաս պատճառելով գյուղիրայիրն համակարգին: Ստորեւ ներկայացնում ենք www.yerkirmedia.am կայքում ընկերության պոչամբարիների բացասական հետեւանքների մասին պատմող հոդվածն ու տեսանյութը: Ոսկու հանքավայրը պատուհաս է դարձել մելիքցիների գլխին www.yerkirmedia.am Արագածոտնի մարզի Մելիք գյուղում իսկական ամառը շատ կարճ է տեւում: Ձյունը հալչում է գարնան վերջին, գալիս` արդեն հոկտեմբերին: Գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրն իրենց հողամասերն են ու անասնապահությունը: Գյուղի մեկ այլ՝ թաքնված հարստության մասին խոսվում էր տարիներ շարունակ, սակայն անգամ խորհրդային իշխանությունները որոշել էին "Թուխմանուկ" կոչվող ոսկու հանքավայրը չբացել: 2006-ին գյուղը լցվել է գեղեցիկ մեքենաների ազդանշաններով, ամերիկյան դրոշներով. հանքավայրի շահագործման համար գյուղի աշխատուժն իսկ տեղին էր, սակայն մելիքցիների ուրախությունը երկար չի տեւել: Ջրի խնդիրը շուտով գյուղացիների համար դարձել է հացի խնդիր: Իսկ հունիսից մինչեւ նոյեմբեր այստեղ հանքարդյունաբերության հիմնական ակտիվ շրջանն է: Ոսկու եւ արծաթի հանքաարդյունաբերության կազմակերպման համար 2005 թվականին "Մեգո գոլդ" ՍՊԸ-ն Հայաստանի կառավարությունից ստանում է 12 տարի Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի շահագործման լիցենզիա եւ կառուցում պոչամբարներ: Իսկ գյուղ մտնող` այդ ժամանակ դեռեւս միակ աշխատող ջրագիծը տեղափոխվում է` ըստ նախագծի: Սողանքների պատճառով պոչամաբարները սահում են դեպի ջրագիծ: "Խմելու ջուր 68-80 տնտեսություն ուղիղ մեկ տարի է, չի տեսել։ Հանքն ա արել, կտրել ա տրուբեքը: Իրենք ոսկի են դիզում, մեր ջուրն էլ թող մեզ տան",- ասում են գյուղացիները։ Գյուղապետարանը եւս գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ընկերությանը: "Պայմանագրով նախատեսված է 90 մետր հեռավորություն՝ մեր խմելու ջրագծից, սակայն պոչամբարները պատրաստել են ջրագծի վրա",- ասաց Մելիք գյուղի գյուղապետի տեղակալ Դերենիկ Շահբազյանը։ "Գլոբալ գոլդ" ընկերության տարածաշրջանային "Մեգո Գոլդ" ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը բացառում է, որ իրենց պատճառով է խողովակաշարը շարքից դուրս եկել: Անգամ անզեն աչքով պոչամբարի ճաքերն ու հողի սողանքը նկատելի են: Մի ուժեղ անձրեւ էլ՝ խմելու ջրագիծը կարող է մնալ հանքավայրի ջրամբարի տակ: Գյուղացիների պահանջը` տեղափոխել ջրագիծը, ընկերությունը չի մերժում, ասելով` կանենք, երբ ֆինանսներ լինեն: Մինչդեռ գունավոր մետալուրգիայի մասնավոր ինստիտուտն "Մեգո գոլդ"-ի պատվերով այստեղ ամեն ամիս 8 չափանիշով ուսումնասիրություն է իրականացնում: "Թուխմանուկ"-ի ֆաբրիկան օգտագործում է միայն գրավիտացիոն եղանակով վերամշակում, պարզ ասած՝ ընդամենը ջրի միջոցով է հանքաքարը լվացվում: Դեռ չեն օգտագործվում քիմիկատներ, չենք օգտագործում ֆլոտացիոն եղանակ, որը մենք պլանավորում ենք անել հետագայում",- ասում է Աշոտ Պողոսյանը։ Հայաստանի կանաչների միության նախագահը "Թուխմանուկ"-ում ուսումնասիրություններ կատարել է դեռ 6 տարի առաջ եւ արձանագրում է, որ Մելիք գյուղից սկիզբ առնող Գետիկի ջրի բաղադրությունը փոխվել է: Աղտոտվածության պատճառն այստեղ գործարանից հավելանյութերի` անզգուշաբար կամ միտումնավոր բաց թողումն է: "Եթե անգամ հավատանք նրանց, որ որեւէ քիմիական նյութեր չեն օգտագործվում, եթե հանքաքարը հանում եք, մանրացնում եք, դրանից հետո այն շփվում է օդի եւ ջրի հետ, այդ ընթացքում, հայտնի է, անգամ դատարկ ապարներն առաջացնում են միկրոբիալ ծծմբաթթու: Այդ ծանր մետղներնը մինչեւ 70-75 տոկոս նվազեցնում են նաեւ հողի բերքատվությունը",- ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ 350 տնտեսություն եւ ավելի քան 1200 բնակչություն ունեցող գյուղի համար եկամտի հիմնական աղբյուրն են անասնապահությունն ու հողագործությունը: Գյուղի զարգացման ծրագրերի մասին պարբերաբար խոսում է նաեւ երկրի ղեկավարը, սակայն թվում է, թե Հայաստանում Մելիք գյուղի գոյության մասին գիտեն միայն շահույթ հետապնդողները: Չնայած հազարավոր դիմում-բողոքներին` որեւէ միջամտություն կամ հավելյալ ուսումնասիրություն չի իրականացվում: Շուրջ մեկ տարի առաջ գյուղացիների այս խնդիրներին գումարվեցին նաեւ "Մեգո գոլդ"-ի կատարած կրճատումները եւ աշխատավարձերի չվճարումները: Մեզ հետ զրույցում Աշոտ Պողոսյանը հավաստիացրեց, որ իրենց ցուցակով, 20 աշխատողների աշխատավարձը մարվելու է, իսկ դատարանում գտնվող գործերի մասին ինքը տեղյակ չէ: ԷկոԼուր
Նոյյան տապան  -   Տնտեսություն