Խորհրդակցություն ՀՀ դատախազությունում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ


Խորհրդակցություն ՀՀ դատախազությունում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ

  • 30-10-2012 10:50:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Խորհրդակցության սկզբում նախագահը թեեւ ասել է, որ առանձին հանցատեսակների, մասնավորապես, փողերի լվացման եւ թրաֆիկինգի դեմ պայքարում նկատելի առաջընթաց կա, սակայն միեւնույն ժամանակ խստորեն քննադատել է առկա բացասական երեւույթները: «Պետք է փաստեմ, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, ընդհուպ մինչեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն առկա բացասական երեւույթները չեն նվազել: Եվ մասնավոր հետեւությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետեւ դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երեւույթների դեմ», - նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը ասել է, որ իր աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների եւ բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք «ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ»: «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր եւ անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Ձեր գործունեության ուսումնասիրության ընդամենը երկու-երեք ամիսների ընթացքում պարզվել է, որ, օրինակ, դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ, դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում եւ հայտնվում հետախուզության մեջ: Եվ որեւէ մեկը որեւէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաեւ հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ», - ասել է Սարգսյանը: Հաջորդ օրինակը, ըստ նախագահի, վերաբերում է իրավապահների «լկտի պահվածքին», երբ վերջիններս օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն վիճաբանում են իրավապահ այլ մարմնի աշխատակցի հետ: «Վիճաբանությունն էլ, երեւի, այստեղ ճիշտ բառը չէ: Ոստիկանության աշխատողին նրա պետի միջոցով հրավիրում է իր աշխատասենյակ եւ լկտիաբար նրան ապտակում, այսինքն՝ ծեծում: Եվ անպայման ես պետք է միջամտեմ, որպեսզի այդ մարդը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազության համակարգից: Եթե դատախազը ինքը պետք է ինքնադատաստան տեսնի, ինքը պետք է այդպես վարվի, դատախազը ուրիշներից ի՞նչ կարող է պահանջել: Հաջորդը՝ դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, եւ հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են եւ ուրիշին են ուզում դատապարտել», - թվարկել է նախագահը` շեշտելով, որ սրանք արձանագրված դեպքերից միայն մի քանիսն են: «Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է քրեական գործերով նախաքննության վիճակի գործնական խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացված վերլուծությունը: Վերլուծության հեղինակները եզրակացրել են, որ քրեական գործերով նախաքննության համար պատասխանատու անձանց կողմից ոչ պատշաճ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում իրենց դատավարական լիազորությունները, անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ընթացքում խախտվում է գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարելու պահանջը, իրենց գործունեության մեջ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք չեն ենթարկվում կատարածին համարժեք պատասխանատվության կամ ընդհանրապես մնում են անպատիժ եւ մի շարք այլ խնդիրներ: Նախագահը իրավիճակի շտկմանն ուղղված հանձնարարականներ է տվել կոնկրետ պատասխանատուներին եւ ընդգծել, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխավոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննության պատասխանատուներից: «Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնություն: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ունենա, եւ այդ պատասխանատվությունը պետք է ֆիքսված լինի», - ասել է նա: Azatutyun.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը