Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դիմումին


Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դիմումին

  • 12-11-2012 10:43:47   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ 2012թ. մարտ ամսին Կառավարության համապատասխան որոշմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին օտարվել է Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի մի հատվածը, որի մաս են կազմում շենքի աստիճանավանդակներն ու միջանցքը: Այս որոշման արդյունքում շենքի մյուս սեփականատերերը զրկվել են տվյալ աստիճանավանդակներից ու միջանցքից օգտվելու հնարավորությունից։ Որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ տարածքներից «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն պետք է նրանց հետ կնքի անհատույց եւ անժամկետ օգտագործման մասին պայմանագիր: Մինչդեռ, համաձայն ՀՀ օրենսդրության՝ շենքի աստիճանավանդակներն ու միջանցքները հանդիսանում են ընդհանուր օգտագործման տարածքներ, որոնցից իրավունք ունեն օգտվել շենքի բոլոր սեփականատերերը, իսկ գույքի սեփականատիրոջ հետ անհատույց եւ անժամկետ օգտագործման մասին պայմանագիր կնքելն իրավաչափ չէ: Դեռ ավելին, Կառավարության որոշմամբ այդ տարածքների տրամադրումը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին շենքի մյուս սեփականատերերի սեփականության իրավունքի խախտում է, քանի որ ըստ օրենքի շենքի ընդհանուր օգտագործման տարածքը տվյալ շենքի բոլոր սեփականատերերի սեփականությունն է : Վերոնշյալ խնդրի կապակցությամբ Պաշտպանը մի քանի անգամ հարցումներ է ուղարկել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղից այդպես էլ հստակ չի պարզաբանվել Կառավարության տվյալ որոշման իրավաչափությունը։ Չի հստակեցվել նաեւ այն հանգամանքը, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին գույքն օտարելիս հաշվի չի առնվել շենքի մյուս սեփականատերերի համաձայնությունը: Պաշտպանը նաեւ առաջարկել է Պետական գույքի վարչությանը հանդես գալ Կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել եւ շենքի սեփականատերերի իրավունքները դեռ մնում են ոտնահարված։ Պաշտպանի աշխատակազմ /Հեռախոս լրագրողների համար՝ 091 008812/
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play