Էդգար Ղազարյան. Զբոսաշրջությունը Վայոց Ձորի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկն է


Էդգար Ղազարյան. Զբոսաշրջությունը Վայոց Ձորի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկն է

  • 23-11-2012 00:18:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ավանդական հայկական խոհանոց, ձիավարություն, հեծանվային արշավներ… Սրանք այլընտրանքային տուրիզմի այն տեսակներից են, որոնք կգրավեն տուրիստներին այցելելու Վայոց Ձորի մարզ` համոզված է «Խթանել այլընտրանքային տուրիզմը Վայոց Ձորում ծրագրի» ղեկավար, ԱՄՆ շրջանավարտ Շիրակ Միքայելյանը:

ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից SABIT և IVLP ծրագրերի շրջանավարտ Շիրակ Միքայելյանին տրված դրամաշնորհի միջոցով մարզում կազմակերպվել էր այլընտրանքային տուրիզմի փառատոն:
 
«Դա նշանակում է, որ բացի տուրիզմի ավանդական ձեւերից, ինչպիսիք պատմական հուշարձաններ կամ ծովափներ այցելությունն է, այսօր աշխարհում միլիոնավոր մարդկանց համար շատ սիրելի են տուրիզմի այնպիսի ձևերը, ինչպիսիք գյուղական տուրիզմն է, էկո տուրիզմն է, արկածներն են, գինու տուրիզմն ու խոհանոցը: Երբ անդրադարձ ենք կատարում, նայում ենք մեր մարզին, տեսնում ենք, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք տուրիզմի նշված ձեւերի զարգացման համար, բայց երբեմն ինքներս էլ դա չենք գիտակցում»,- փառատոնի բացման խոսքի ժամանակ ասաց «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը:
 
Երեւանից հրավիրված տուրիսատական ընկերությունների ներկայացուցիչները, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի խոսնակ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանն ու մյուս հյուրերը համտեսեցին մարզի ավանդական կերակուրներից, ողջունեցին այլընտրանքային տուրիզմի զարգացման գաղափարը: Իսկ հաջորդ օրը կազմակերպած քննարկման ժամանակ Շիրակ Միքայելյանը ներկայացրեց այդ ոլորտում ԱՄՆ փորձը, խոսեցին ոլորտում Հայաստանի տուրիստական ընկերությունների փորձի, նոր ձեւերի տեղայնացման մասին:
 
Քննարկմանը ներկա էր նաև Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
 
«Որպես մարզպետ` ես հետաքրքրված եմ մեր մարզում զբոսաշրջության զարգացման հարցերով: Առհասարակ, մեր մարզն ունի այն առանձնահատկությունը, որ զբոսաշրջությունը մեր սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկն է` երկրոդը գյուղատնտեսությունից հետո»,- նշեց մարզպետը:
 
Էդգար Ղազարյանն իր խոսքում կարևորեց մարզում բնության պահպանությունն այլընտրանքային տուրիզմի զարգացման համար:
 
Աղբյուրը՝ Իրավաբան.net
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play