Խաչիկ Տեր-Ղուկասյան. «Հայստանի համար ակտիվ դիվանագիտություն ունենալը կենսական է»
30-11-2012 16:45:29 | Հայաստան | Հարցազրույցներ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «XXI դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության խնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրներից Հայաստան ժամանած քաղաքագետներ, միջազգայնագետներ, վերլուծաբաններ, ինչպես նաև հայաստանաբնակ մասնագետներ, այդ թվում` պատմաբաններ: Արգենտինայից ժամանած միջազգայնագետ Խաչիկ Տեր-Ղուկասյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Արգենտինայի ո՞ր քաղաքում եք բնակվում և աշխատում:
-Ծնվել եմ Լիբանանում, բնակվում եմ Մարտինես քաղաքում, Մայամիի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով դոկտորի կոչում ունեմ: Աշխատում, դասավանդում եմ Սան Անդրես համալսարանում և Երևանի Ամերիկյան համալսարանում:
-Կարողանու՞մ եք Ձեր աշխատանքը համատեղել բյուրավոր կիլոմետրերով իրարից հեռու երկու քաղաքներում` Սան Անդրեսում և Երևանում:
-Այո´, քանի որ Երևանի Ամերիկյան համալսարանի դասերը համընկնում են մեր` արգենտինյան ամառային արձակուրդների ժամանակաշրջանին:
-Ի՞նչ սպասումներ ունեք այս համաժողովից:
-Հիմնականում` լսել գործընկերներիս, ստեղծել այն ցանցը, որն անհրաժեշտ է ստեղծել, և եթե համաժողովը դական ներդրում ունենա Հայաստանի պետական այրերի քաղաքական ուղղվածության մեջ, ապա դա մեզ համար մեծ հաջողություն կլինի:
-Այսօր միջազգային կառույցների սեղանին դրված են Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը. սրանցից ո՞րն, ըստ Ձեզ, առաջնայինը, հրատապը:
-Առաջնային հարց չի կարող լինել. այս բոլոր հարցերը կազմում են մեկ օրակարգի մաս, այսինքն` հայ ժողովրդի անվտանգության զարգացման և ինքնության խնդիրներն են, որոնք բոլորն իրար առնչակից են: Այս խնդիրներից որևէ մեկը չենք կարող հետաձգել` առաջնահերթություն տալով այս կամ այն խնդրին:
-Տարիներ շարունակ խոսվում է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Դուք ապագայում տեսնու՞մ եք այդ հարցի խաղաղ ճանապարհով լուծումը:
-Մոտ ապագայում չեմ տեսնում, քանի որ Ադրբեջանի կողմից այսօր բանակցելու պատրաստակամություն չկա, ոչ ալ անպայմանորեն կկարծեմ, որ ռազմական լուծումը կարելի է բերել: Եթե Ադրբեջանը վստահ ըլլար ռազմական լուծումին վրա, մինչև հիմա արդեն այդ քայլին դիմած կըլլար, բայց այս իրավիճակի շարունակման անդրադարձները հիմնական մեծանում են Հայաստանի համար, հետևաբար ամենեն կարևորն այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն ունենալն է, որ այս երկարաժամկետ հակամարտության, լարվածության անդրադարձներուն կարելի ըլլա դիմադրել: Ես կասեի, որ եթե համար մեկ հարցն անվտանգության երաշխավորումին մեջ բանակի զսպիչ կարողականությունն է ադրբեջանական որևէ նկրտումին, ապա անմիջապես հետո սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումն է, որպեսզի Ադրբեջանը երբեք չհուսա, թե տնտեսական մաշումի հետևանքով ինքը երբևէ ծնկի կբերի Հայաստանը, Արցախը:
-Թվում է` ողջ աշխարհին հայտնի են հայկական խնդիրները, և աշխարհը մտահոգված է դրանցով, այդպե՞ս է, պարո´ն Ղուկասյան:
-Աշխարհն այնպես չէ, որ միայն հայկական խնդրին շուրջ կը դառնա այսօր. պաղեստինյան խնդիր կա, Եվրոպայյի մեջ տնտեսական ճգնաժամ կա, սիրիական պատերազմ կա… Որ մեր հիմնախնդիրները միջազգային տագնապի չեն վերածված, երբեմն և´ դրական է, և´ բացասական, ժխտական:
-Մեր միջազգայնագետների, քաղաքագետների դաշտն արդյո՞ք այնքան հզոր է, որ միայն մեր ձայնով կարողանանք աշխարհին լսելի դարձնել սեփական խնդիրները և լուծում տալ դրանց մեր իսկ ներքին ուժերով:
-Ոչ մեկ ազգ, ոչ մեկ երկիր ու դիվանագիտություն ինքզինք կրնա մեկուսացնել աշխարհից. աշխարհը փոխկախվածության իրավիճակի մեջ է: Մասնավորաբար Հայաստանի պես փոքր, աշխարհաքաղաքական շատ աննպաստ իրավիճակի մեջ գտնվող երկրի մը համար ակտիվ դիվանագիտություն ունենալը կենսական է: Հայաստանի դիվանագիտության աշխուժացումը և Սփյուռքի հետ ռազմավարական համագործակցությունը միջոց է` կոտրելու շրջափակումը և դեպի աշխարհ բացվելու: