Ի՞ՆՉ ԱՆԵԼ


Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  • 29-01-2013 09:24:19   | Ֆրանսիա  |  Վերլուծություն

 

Ահա մի հարցադրում, որին պատասխան գտնելը դժուար է` նոյնիսկ շատ դժուար։ Դժուար է քանի որ այն բազմաբովանդակ է ու բազմերանգ։ Մեզ շրջապատող եւ մեզ յուզող իրականութիւնը այնքան բարդ է ու խճճուած, որ երբեմն փորձում ենք տիրող վիճակը ըմբռնել եւ գնահատել, բայց անյայտ է` թէ ի՛նչ աստիճանի է այն յաջողւում։ 
 
Պիտի փորձենք մօտենալ այդ սահմանին՝ այլաբանական (allégorie) մի պատմութիւնով, ուր մի խումբ երիտասարդներ ծովային զբօսանքի ընթացքին նկատում են ջրի ալիքների հետ պայքարող մի անձնաւորութեան, որը ջանք չի խնայում կեանքը փրկելու համար։ Նաւակի վրայ գտնուող ենթադրեալ փրկարարները իրար են անցնում ու սկսում են ամենայն լրջութեամբ ու պատասխանատւութեամբ խորհրդակցել եւ քննարկել խեղդուողին փրկելու հարցը, բայց նրանք բացայայտում են, որ չգիտեն թէ օգնութեան կանչողը` ի՞նչ դասակարգի անձնաւորութիւն է, երիտասա՞րդ է, թէ տարիքաւոր, սպիտա՞կ, թէ սեւամորթ, քրիստոնեա՞յ է, թէ մահմետական, աղքա՞տ է, թէ հարուստ, կի՞ն է, թէ տղամարդ։ Մինչ այդ, օգնութեան կանչերը չեն դադարում։
 
Փրկարարները կլանուած իրենց վիճարկումներով յանգում են մի հանգոյցային որոշման` այն է, որ փրկելուց առաջ անհրաժեշտ է գիտենալ թէ` նախ ո՞ւմ պիտի ազատեն եւ վերջը` ի՞նչ միջոցներով։
 
Արդեօ՞ք, թոյլատրելի կը լինի, խեղդուողի կարգավիճակում պատկերացնել Հայաստանը այսօրուայ դրութեամբ` իր փրկարար իշխանաւորների հետ մէկտեղ, եթէ այն սրբապղծութիւն չէ։
 
Անկախութեան հաստատումից ու վերեւից առաջին նախագահի նշանակումից յետոյ (բեմական խաղարկութեամբ ընտրութիւնը` միայն ու միայն իրականութեան քօղարկում էր, որին` ոչ ոք չհաւատաց) որեւէ գաղափարական պայքար չի եղել, եւ չէր էլ կարող լինել, այլ ներկայ ենք եղել միայն աթոռափոխութեան ու պետական բարձրագոյն պաշտօնին տիրանալու շուկայական պայքարին։ Տասնեակներով, սնկի պէս աճող ու ոչնչացող կուսակցութիւնները շատ քիչ բանով են իրարից տարբերուել։ Այսօր, համեմատաբար` մի առաջխաղացում կայ, այն իմաստով, որ ինչպէս բոլոր կուսակցական կամ քաղաքական համարուող խմբաւորումները, նմանապէս, շարքային մահկանացուները համոզուած են ու գիտակցում են, որ խեղդուող կայ։
 
Այդ գիտակցութիւնը նոր չէ, ու տարբեր ձեւակերպումներով կրկնւում է տասնամեակների ընթացքին` հիմք ունենալով այն փաստը, որ երկրի մեծ, միջին ու փոքր արդիւնաբերութիւնը` ապրուստի հիմնական աղբիւրներից մէկը` հիմնականում անբաւարար վիճակի մէջ է իր արտադրողականութեամբ, չնայած պաշտօնական տուեալներով երկրի համախառն արտադրանքը երկնիշ տոկոսային աճ է արձանագրում, մինչդեռ աշխարհի ամենազարգացած երկրները յաջողուած են համարում 1-2 տոկոսը։ Բաւական է աչք նետել ազգագրական (démographique) տուեալներին, ուր պարզւում է, որ գործարանային բանուորները չնչին մաս են կազմում գիւղատնտեսական ու առաւելաբար սպասարկութեան (service) բնագաւառների համեմատ։
 
Ո՞ւր են մնացել նախկին «Էլեկտրոմեխանիկական ու Նայիրիտ»ի բազմահազար բանուորներով գործարանները, նրանց կողքին չմոռանալով բազմաթիւ (հաստոցաշինական, կաբելի, խրոմպիկի, լամբերի եւ այլն) այն արտադրութիւնները, որոնք աշխատում էին հիմնականում` արտասահմանեան պատուէրներով։ Այդ գործարանները սեփականաշնորհուելով (մի քանի հազար դրամով) այսօր վերածուել են դատարկ քարակոյտերի` որպէս ճարտարարուեստի խոպանային տարածք։ 
 
Կարեւոր ուշադրութեան է արժանի եւ անհանգստացնող է Երեւանի «Նայիրիտ» գերծարանում տիրող կացութիւնը։ Ըստ պաշտօնական լրատւամիջօցների՝ մօտ երեք հազարի չափ բանւորները գրեթէ մի ամբողջ տարի չեն ստացել ամսականները (Դեկտեմբեր 2012ի դրութեամբ)։ Իսկ «Նայիրիտ»ի արտադրանքին ծանօթ ու մասնագիտօրէն փորձառու բարեկամս վստահեցնում է, որ այն բաւական փնտռուած ու արժէքաւոր նիւթ է ու ճիշտ (թալանից հեռու) գործելու դէպքում պիտի շատ շահաւէտ լինի։ Ո՞ւր են հապա մեր փրկարարները։
 
Այս է խորտակումը խթանող հանգամանքների ոչ լրիւ ցանկը, մինչդեռ քիչ չեն դէպի Հայաստան հոսող վարկերի գումարները (2012ին պետական պարտքը 4,374 միլիառ տոլար)։ Ճիշտ է, որ պատերազմական կարգավիճակում գտնուող ցանկացած երկիր, միշտ տառապում է միջոցների անբաւարարութիւնից, առաւելաբար հայաստանեան պայմաններում, բայց արդեօք մենք իրաւունք ունե՞նք սխալուելու, քանի որ ծանօթ ենք մեր անմիջական դրացիների որակին ու նպատակներին։ Չնայած ժամանակին արձագանգել էինք, բայց աւելորդ չի լինի կրկնել` որպէս սխալ օրինակ, որ ընդամէնը մօտ երկու տարի առաջ մեծ շուքով ու յաղթանակի կեցուածքով գործի դրուեց Սիսիանի ճոպանուղին (աշարհում ամենաերկարը) որի առաջնահերթութիւնը ապացուցուած չէր, յատկապէս հաշուի առնելով ներդրուած գումարները, իսկ առաւել կարեւոր` փրկութեան կարօտ բնագաւառներ մնացին առանց արձագանգի։ 
 
Անցած երկու տասնամեակների ընթացքին, իրար յաջորդող նախագահները հայելային նմանութեամբ, բայց իրարից տարբեր մօտեցումներով` զինուած միեւնոյն անհոգութեամբ` անուշադրութեան մատնեցին ծառացած կարեւոր խնդիրները, որի պատճառն էր` որոշակի քաղաքական նպատակի, համարձակութեան, կամքի ու արդիւնաբերական ծրագրի բացակայութիւնը։ Միշտ ներկայ է եղել դրամ շահելու տենչանքը, որը ըստ սկզբունքի բացասական երեւոյթ չէ, բայց միշտ չէ որ արդարացուած է` որտեղից արդիւնքը ստեղծուած ներկայ անբաւարար վիճակն է։
 
Յաճախ ենք լրագրամիջոցներով տեղեկանում մոլիբդենի արտադրական աճի ու բաժնետէրերին յանձնած շքաննշանների մասին, քանի որ նրանք են երկրի առաջին հարկատուները։ Շատ բարի, բայց այն ո՞վ է անտեղեակ` որ հանքանիւթ արտահանող երկիրը գործում է ուրիշների օգտին` վնասելով իր երկրի շահերին։
 
Հայաստանի նման հսկայական մտաւոր ներուժ ունեցող երկիրը կարող է ու պէտք է իր արդիւնաբերութիւնը կազմակերպի «պատրաստ ապրանք» (produit fini) արտահանելու սկզբունքով։ Այդ պակասն է պատճառներից մէկը, որ մեր հայրենաբնակներին տանում է դէպի յոռետեսութիւն՝ հուսկ արտագաղթը իր բոլոր հետեւանքներով։ Բնական է, երբ շարքային քաղաքացիները տեսնում են նախկին արտադրամիջոցները անմխիթար ու լքուած` յաճախ անհետացած վիճակում` ինքնաբերաբար համոզւում են, որ վերին խաւերում ինչ որ տեղ ինչ որ բան սխալ է ու ստիպողաբար գնում են իրենց ծառայութինները մատուցելու հեռաւոր Սիբիրներում ու այլուր։
 
Փառք ու պատուի արժանացած հայ արհեստագործներն եւ վարպետները՝ տնտեսութեան բոլոր բնագաւառներում հրաշքներ են գործել ու կարող են դարձեալ գործել, իսկ այսօր Երեւանի շուկան ողողուած է թուրքական անորակ ապրանքով ու դա ոչ ոքի չի անհանգստացնում։ Վերջերս պարզուեց նաեւ, որ Երեւանի որոշ խանութներում ազէրի արտադրութեան քաղցրաւենիք է վաճառուել։ Ճիշտ է որ դրամը բուրմունքից զուրկ է։
 
Ժամանակն է, ու կարծում ենք, որ բաւական էլ ուշացել ենք սթափուելու ու երկիրը զբօսաշրջութիւնից բացի վերածել նաեւ արտադրական միջավայրի։ Մեր համոզմունքն է, որ հայ հասարակութիւնը կարող է ապրել գլխաւորաբար «Made in Armenia» պիտակով ապրանքա-շրջանառութեամբ, ներառեալ բարձր արհեստագիտութեան (technologie) բնագաւառում, անշուշտ բացառութինները յարգելի են։ Անհրաժեշտ քաղաքական կամքի ներկայութեամբ՝ կարելի է դրան հասնել՝ նոյնիսկ բաւական անհրաժեշտ դժուարութիւններ յաղթահարելու գնով։
 
Եթէ այսօր հարց տան, թէ առաջիկայ նախագահականին ներկայացող 8 թեկնածուներից որին կարելի է նախապատւութիւն տալ, ապա մեր պատասխանը կը լինի, որ ներկայիս մեր երկրի խնդիրները կուսակցական երանգներից հեռու են, նոյնիսկ շատ հեռու։ Արդէն քաղաքական դաշտը այնքան ամուլ է ու անպատասխանատու, որ այն զբաղեցնողների մէկ մասը արդէն ընտրապայքարը սկսելուց շատ առաջ մնացին իրենց մատուցուած աթոռներին կառչած ու յօժարակամ յայտարարեցին որ իրենք պիտի քուէարկեն ներկայ նախագահի օգտին, իսկ ընդդիմադիրների զգալի մասը` տարբեր պատճառաբանութիւններով ուղղակի հրաժարուեց իրեն թեկնածութիւնը ներկայացնելու, ինչը որ նմանւում է հեռուից ու բարձրից եկած հրահանգի։ Այսուհանդերձ...
 
Մեզ յուզող հիմնական հարցը մեր բանակի հզօրացումն է եւ երկրի կատարեալ վերականգնումը։ Այն պիտի լինի արտադրողական, ընկերային ու բարոյական։
 
(Շարունակելի)
 
Ռուբէն Յովակիմեան 
Փարիզ 
ՆՅ
Նոյյան տապան  -   Վերլուծություն