Քանդում են բոլոր վաճառասեղանները Աբովյան-Իսահակյան փողոցների գետնանցումում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Քանդում են բոլոր վաճառասեղանները Աբովյան-Իսահակյան փողոցների գետնանցումում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-03-2013 18:00:10   | Հայաստան  |  Տնտեսություն


 

«Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ՝ Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում իրարանցում է. ապամոնտաժում են բոլոր կրպակները և քանդում բոլոր վաճառակետերը: Աշխատանքները սկսվել են երեկվանից ու առաջիկա մեկ-երկու օրերին այլևս ոչ մի վաճառասեղան չի լինի այստեղ:
 
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց գետնանցումում տարիներ շարունակ գիրք վաճառող մի տղամարդ, ով չցանկացավ ներկայանալ՝ նշելով, որ ամբողջ հանրապետությունը իրեն ճանաչում է, պատճառն այն է, որ տարածքը սեփականատեր ունի: Վերջինս որոշել է վերանորոգել գետնանցումը, այդ պատճառով բոլորը ստիպված են տարածքն ազատել: Իսկ թե ով է սեփականատերը նա չկարողացավ ասել՝ հարց ուղղելով, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է որևէ բանի սեփականատիրոջը գտնել:
 
«Գիրքը շինարարական աշխատանքների հետ անհամատեղելի է, դրա համար պետք է տարածքն ազատենք, որ կարողանա գործը սկսի: Վերանորոգումից հետո ասում են, որ դեմ չեն, որ վերադառնանք, շինարարական աշխատանքներն էլ ասում են երկու տարի կքաշի: Կփորձեմ այլ տեղում գործունեությունս շարունակել»,- ասաց նա:
 
Նույն հարցի պատասխանն ուներ այստեղ խաղալիքների առևտրով ավելի քան ինը տարի զբաղվող Լիանա Քարամյանը: Նա նշեց, որ ամբողջ տարածքը պատկանում է գործարար Կարեն Բաղդասարովին, ով «Վիկտորիա Թրեյդի» տնօրենն է: Նշենք, որ նշված ընկերությունը Հայաստանում զբաղվում է ցորենի իրացմամբ: Վերջինս նաև նշեց, որ տարածքն ազատելու համար իրեն 6000 ԱՄՆ դոլար են տվել:
 
«Ասում են ոչնչի համար, ուղղակի որ մենք չնեղվենք: Սա որպես այլընտրանք քիչ է, այս մի փոքր տարածքը գնելու համար ինձանից 30-40 հազ. դոլար էին ուզում, բայց հիմա բերել են 6000 են տալիս ու ասում են՝ կամ սա, կամ ոչինչ, ասեցին ուղղակի տալիս են»,- ասաց նա և ավելացրեց, որ բոլորին են գումար բաժանել:
 
Սակայն մյուս աշխատողները հիմնականում խուսափում էին խոսել, թե՛ փողի, թե՛ դուրս գալու պատճառների մասին, միայն ասում էին, որ չգիտեն, թե որտեղ են աշխատելու: Նույնն ասաց նաև Լիանա Քարամյանը և նշեց, որ նույն խանութում աշխատում էին ինքն ու իր եղբայրը, սակայն խանութը փակելուց հետո երկուսի ընտանիքներն էլ կմնան առանց կերակրողի:
 
«Նոր աշխատանք չեմ գտել, գնալու եմ տանը նստեմ կամ էլ թողնեմ գնամ էս երկրից, որը ավելի հավանական է»,- ասաց նա:
 
Հենակով քայլող 65-ամյա Սուրեն Մարտիրոսյանը, ով ստանում է 25 հազ. դրամ թոշակ, ևս չգիտեր իր հետագա անելիքը: Նա ցավով նշեց, որ այս երկրում գիրք վաճառողի համար տեղ չկա:
 
«Ես սկզբում դրսում էի գիրք վաճառում, հետո արգելեցին փողոցային առևտուրը, ինչն իսկապես տգեղ երևույթ է ու մեզ բերեցին այստեղ, հիմա էլ այստեղից են հանում: Բայց մարմնավաճառությունը, որը նորից փողոցային առևտուր է, սաղ փողոցներում է, բայց չեն արգելում: Չէ, ես երկրում գիրք ծախողին տեղ չկա: Հետո էլ գրատպության 500-ամյակ են տոնում, դեպուտատներն էլ պայքարում են, որ իրենց աշխատավարձը բարձրանա, բայց չեն ասում մարդիկ ոնց են 25 հազ. թոշակով ապրում»,- ասաց նա:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն