Անվճար ակնաբուժական ծառայություններ Կոտայքի մարզում


Անվճար ակնաբուժական ծառայություններ Կոտայքի մարզում

  • 18-05-2013 15:03:09   | Կոտայքի մարզ  |  Բարեգործություն

Մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Կոտայքի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագրի արդյունքում ակնային հետազոտություն են անցել շուրջ 4,800 մեծահասակներ և երեխաներ: Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 700 երեխաների համար: 

« Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 7-րդ մարզի այցն ենք ավարտում, որտեղ ևս կարողացանք օգտակար լինել հազարավոր մարդկանց: Ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել իրական փոփոխություններ բերել բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքներին: Այժմ արդեն Տավուշի մարզ ենք այցելում և խրախուսում ենք բոլորին այցելել ու անվճար ստուգել տեսողությունը», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
 
«Մենք կարևորում ենք այն փաստը, որ մեր համագործակցությունը Orange Հիմնադրամի հետ կրում է երկարատև և շարունականան բնույթ՝ ՀՀ մարզերում ՀԱՆ-ի համար ստեղծելով գործունեության ավելի լայն հնարավորություններ: Ավարտելով աշխատանքները Կոտայքում՝ այժմ ՀԱՆ-ը սկսում է իր առաքելությունը Տավուշի մարզում: Մեր բժշկական խմբերը կայցելեն Իջևանի, Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: 
 
Ծրագիրն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բժիշկ մասնագետները կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց՝ անվճար բուժումը ստանալու համար: Նրանք, ովքեր ակնոցի կարիք կունենան, կստանան նաև հատուկ իրենց համար պատրաստված ակնոց: Մայիսի 13-ից 27-ը ՀԱՆ-ի բժշկական խմբերը կլինեն Իջևանի տարածաշրջանում, hունիսի 3-ից 8-ը՝ Տավուշի և հունիսի 10-ից 15-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:
 
Հիշեցնենք, որ մանրամասների համար Տավուշի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Տավուշի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից՝ http://goo.gl/yMPxW 
 
 
Orange Հիմնադրամի մասին
 
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար: 
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը: 
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն