FIDH-ն կոչ է անում իրականացնել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր քննություն<br />


FIDH-ն կոչ է անում իրականացնել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր քննություն

  • 11-05-2011 15:20:43   | Հայաստան  |  Իրավունք
 Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ կազմակերպության անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում իրականացնել ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր, անկախ եւ անկողմնակալ քննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին նշվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի ուղերձում։ Միջազգային կազմակերպության նախագահը արձանագրում է, որ, ըստ ընտանիքի անդամների հաղորդման, Լեւոն Գուլյանը մահացել է ոստիկանությունում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի հետեւանքով։ Դեպքից ճիշտ 4 տարի անց գործը չի բացահայտվել, երբեւիցե դատարանում չի քննվել, պատասխանատվության չեն ենթարկվել խոշտանգումների ենթարկած անձինք։ «Անշուշտ, այս դեպքը Հայաստանում եզակի չէ, եւ այդ իսկ պատճառով Լեւոն Գուլյանի գործի քննությունը եւ դաժան վերաբերմունքի բացահայտումն ունի սկզբունքային նշանակություն»,- նշում է Սուեր Բելասենը, հիշեցնելով, որ Հայաստանը ստորագրել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիան եւ ՄԱԿ-ի Խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիան։
Նոյյան տապան  -   Իրավունք