«Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ


«Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ

  • 23-07-2013 17:56:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում, մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Արդյունքում` մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» և «Սայմոտեկ» ընկերությունները:
 
Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու և ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» և «Սայմոտեկ» ընկերությունների միջև: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող և ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար:
 
«Հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ենք հետապնդում աշակերտների մոտ առաջացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես` ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն, վաղ տարիքից զարգացնել ճարտարագիտական մտածելակերպ և դեպի բարձրագույն կրթություն ուղղորդել նպատակադրված և որակյալ ուսանողների»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
 
«Գիտությունը նման է շարժիչի, իսկ մարդու միտքը` այդ շարժիչն աշխատեցնող լծակի: Մենք ձգտում ենք աշակերտներին տալ գիտությունը մարդկությանը ծառայեցնելու առավելագույն հնարավորություն: Ի վերջո`սերունդների խելացի հերթափոխ ապահովելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել և շարժիչը, և դրա աշխատանքը: Տեխնոլոգիաների զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Այս համագործակցությունը թույլ կտա լուրջ քայլեր կատարել ռոբոտաշինությունը նախասիրությունից լուրջ մասնագիտության վերածելու ճանապարհին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստանի» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի» հետ համագործակցությամբ, նախաձեռնել է ռոբոտաշինության խմբակների ստեղծում` Հայաստանի 55 դպրոցում: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված և դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով:
 
Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում մայրաքաղաքի «Այբ» դպրոցում, «Քվանտ» և «Պոլիտեխնիկ» վարժարաններում: Խմբակներ կան նաև մարզերում: Մասնավորապես` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին):
 
«ԱրմՌոբոտիքսի» կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play