"Կուլտուրա"-ի հյուրը ժխտել է Հայերի ցեղասպանության փաստը. հայկական կողմին եթեր չի տրամադրվել պատասխանելու համար


"Կուլտուրա"-ի հյուրը ժխտել է Հայերի ցեղասպանության փաստը. հայկական կողմին եթեր չի տրամադրվել պատասխանելու համար

  • 31-07-2013 08:22:14   |   |  Քաղաքական

“Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության Կենտրոնի" ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել ռուսական “Կուլտուրա” հեռուստաալիքի հաղորդումներից մեկում պատմաբան Միխայիլ Մեյերի սկանդալային ելույթի մասին, որին հետեւել է “Փաստի իշխանությունը” հաղորդման հեղինակ Սերգեյ Մեդվեդեւի գրավոր ներողությունը: 
Ա.Խաչատրյանի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
 
"Հուլիսի 11-ին Լոմոնոսովի անվ. ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի ինստիտուտի նախագահ, պ.գ.դոկտոր, պրոֆեսոր, ռուս-թուրքական պատմաբանների  հանձնաժողովի անդամ, “Թուրք-Ռուսական Մշակութային Կենտրոն» ավտոնոմ, ոչ կոմերցիոն կազմակերպության հոգաբարձուների անդամ Միխայիլ Մեյերը “Փաստի իշխանությունը” հաղորդաշարի ժամանակ՝ խոսելով Հայերի ցեղասպանության մասին, թույլ է տվել ցինիկ արտահայտություններ:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ դա եղել է “ջարդ՝ երկու կողմերի մասնակցությամբ”, “հայերի ինչ-որ քանակ” հրաշքով փրկվել է, եւ դա եղել է ոչ թե ցեղասպանություն եւ ոչ մեկ ու կես միլիոն մարդ”: Մ.Մեյերի արտահայտությունները ենթադրում էին ցեղասպանության ժխտում եւ լիովին համընկնում էին Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ: Իր այս ելույթով Մ.Մեյերը փաստորեն հանդես է եկել Հայերի ցեղասպանության հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման դեմ":
Ռուսաստանի բազմաթիվ հայկական կազմակերպություններ, հայ ներկայացուցիչներ, ռուս մտավորականներ, խստորեն քննադատեցին  Մ.Մեյերի արտահայտությունները եւ դիմեցին “Կուլտուրա” հեռուստաալիքին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել հերքման համար: Դրան հետեւեց հեռուստահաղորդման հեղինակի գրավոր նամակը, որում, մասնավորապես, ասվում է, որ նա հասկանում է հեռուստադիտողների վրդովմունքը, հաշվի առնելով, որ բանախոսը կասկածի է ենթարկում Ցեղասպանության փաստը եւ մասշտաբները, սակայն այդ կարծիքը բանախոսինն է եւ նա հաղորդման ժամանակ աշխատում է չվիճել հյուրի հետ, այլ թողնել հեռուստադիտողներին ինքնուրույն գնահատել բանախոսների ներկայացրած կարծիքները: “Իմ անձնական կարծիքը Հայերի ցեղասպանության հարցի շուրջ մնում է անփոփոխ. դա  20 դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկն է Հոլոքոստի, Գոլոդոմորի եւ ցեղասպանության այլ հայտնի դեպքերի հետ մեկտեղ»,- ասված է հաղորդման հեղինակի նամակում, որում նաեւ ափսոսանք է արտահայտվում, որ իրենց եթերն առաջացրեց հեռուստադիտողների նման “ոչ միանշանակ արձագանք”: 
 
Միեւնույն ժամանակ Ա.Խաչատրյանը նշում է, որ առ այսօր հեռուստաալիքը չի պատասխանել հայության գրավոր նամակին, եւ հույս հայտնում, որ մոտակա ժամանակահատվածում այն եթեր կտրամադրի՝ վերոհիշյալ հաղորդման ժամանակ հնչած արտահայտությունները հերքելու համար:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play