Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում բացվեց համակարգչային լսարան


Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում բացվեց համակարգչային լսարան

  • 01-08-2013 13:53:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Օգոստոսի 1-ին Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացեց համակարգչային լսարան։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով։ 
Սա արդեն 3-րդ համակարգչային կենտրոնն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացում է զորամասերում։ Լսարաններ են բացվել ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում։ Առաջիկա 1-2 ամիսներին նման լսարաններ են նախատեսվում նաև Տավուշի և Արարատի մարզերում տեղակայված զորամասերում։  
ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ առաջիկայում համակարգիչները կհամալրվեն նաև տարբեր ծրագրերով։ Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է կարողանալ ճիշտ օգտագործել, ծառայեցնել կրթական նպատակներին։ ՙՏարեցտարի ավելանում է ուսանող զորակոչիկների թիվը, և մեր խնդիրն է ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին ապահովել զինվորների կրթության շարունակականությունը։ Նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս ծրագիրը շարունակական է, և մենք նման աջակցություն ենք ցուցաբերելու բոլոր այն զորամասերին, որտեղ դրա կարիքը կլինի՚,- ասաց Կարեն Ավագյանը։
Դավիթ Վարդանյանը բանակ է զորակոչվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսից, մասնագիտությամբ ծրագրավորող է։ 20 ամիս ծառայում է ՀՀ զինված ուժերում և այս ամիսների ընթացքում առաջին անգամ է նստում համակարգչի առջև։ Դավիթը կփորձի մինչև զորացրվելը թարմացնել համակարգչային իր գիտելիքները։ Երբ մի քանի ամիս առաջ իր ընկերների հետ հանձնարարություն ստացավ վերանորոգել լսարանը, չգիտեին, թե ինչ անակնկալ է սպասվում իրենց։ Զինծառայողներն իրենք են տեղադրել, միացրել, որոշ ծրագրերով հագեցրել համակարգիչները և ուրախ են, որ զինվորական ուսուցումն այսուհետև կուղեկցվի նորագույն տեխնոլոգիաներով։  
Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կսահմանվի համապատասխան գրաֆիկ, և զորամասի բոլոր զինվորներն էլ կկարողանան օգտվել տեխնոլոգիական այս հնարավորությունից։ 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ