Վերանորոգումից հետո Գառնու դիտարանը դառնալու է խոշոր գիտահետազոտական կենտրոն


Վերանորոգումից հետո Գառնու դիտարանը դառնալու է խոշոր գիտահետազոտական կենտրոն

  • 02-09-2013 13:39:23   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ համակարգի մասնագետները, «Ճանապարհ» ճանապարհաշինարարական ընկերության, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի, ինչպես նաև դիտարանի աշխատակիցները միասին աշխատանքային շրջայց կատարեցին Գառնու դիտարան:

Այցի ընթացքում աշխատանքային խումբը տեղում զննեց Գառնի գյուղից մինչև դիտարան տանող (շուրջ 3 կմ երկարությամբ) ճանապարհը` ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրեցին 3-հարկանի մասնաշենքի սենյակները, ինչի արդյունքում շենքի հատակագիծը մշակվեց` նախընտրություն տալով ստորաբաժանումների աշխատանքային սենյակների առավել արդյունավետ դասավորվածությանը:

Մասնագետներն ուսումնասիրեցին դեռևս ԽՍՀՄ տարիներին դիտարանի սարքավորումների համար կառուցված սենյակների և լաբորատորիաների ժամանակակից սարքերի տեղադրման պահանջներին համապատասխանության հարցը:

Մասնաշենքերի վերանորոգման հարցը քննարկելիս հատկապես մեծ ուշադրություն դարձվեց ՀՀ ԱԻՆ համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ ստեղծելու խնդրին։


Դիտարանում կգործեն սեյսմաանալիտիկ և կենսաբանական լաբորատորիաներ, ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոն, գրադարան, հանդիպումների սրահներ, սեմինարների դահլիճ և այլն:

Վերանորոգումից հետո Գառնու դիտարանը դառնալու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան խոշոր գիտահետազոտական կենտրոն, որտեղ կկազմակերպվեն նաև միջազգային գիտաժողովներ ու տարբեր աշխատանքային քննարկումներ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play