«Օրրան»-ի այս տարվա հանգանակությունը կազմել է 94 միլիոն դրամ


«Օրրան»-ի այս տարվա հանգանակությունը կազմել է 94 միլիոն դրամ

  • 21-10-2013 15:43:14   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Հոկտեմբերի 18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացել է «Օրրանի» 8-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակը հանրության ուշադրությունը սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների խնդիրների վրա կենտրոնացնելն ու դրամական նոր միջոցներ հայթայթել էր: 
Օրվա բանախոսներն են եղել «Օրրանի» նվիրատու և տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու` Գրիգոր Գրիգորյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր ուղերձում նշել է. «Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար երբևէ փորձել է սահմանել երջանկության բանաձևը: Ու թեև երևույթների ընկալումը յուրովի է, ակնհայտ է, որ մանկան ժպիտը երջանկություն է յուրաքանչյուրի համար»: 
Միջոցառման հյուրերը մասնակցել են հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած ընթրիքին, թանկարժեք մրցանակներով վիճակախաղին, արվեստի եզակի գործերի կենդանի աճուրդին, ինչպես նաև «Օրրանի» սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին: 
Երեկոյի ընթացքում մասնակիցները կատարել են իրենց ներդրումը` որոշակի պատասխանատվություն ստանձնելով «Օրրանի» կենտրոններ հաճախող յուրաքանչյուր երեխայի սննդի, կրթության, մշակութային և բազմակողմանի զարգացմանն հարցում:
«Օրրան» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թվականին` երեխաների և ծերերի շրջանում աղքատության և մուրացկանության տարածումը կանխելու առաքելությամբ: «Օրրանի» երևանյան և վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխա և 60 տարեց օգտվում են ամենօրյա սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային համալիր ծառայություններից:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է իր առջև չափազանց բարդ խնդիր դրած և համարձակ լուծումներ առաջարկող կազմակերպության նախաձեռնությունները և պատրաստակամորեն շարունակում է աջակցել դրանց: Ընկերությունն արդեն տևական ժամանակ իր մասնակցություն է ցուցաբերում «Օրրանի» ծրագրերին: Մասնավորապես` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ 2009թ. հոկտեմբերին հիմնադրվել է «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը: 
 
2011 թ. բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերեց ավելի քան 40 մլն դրամ: 
 
«Օրրանի» 7-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հասարակական կազմակերպությանը փոխանցել էր 90 միլիոն դրամ:  
 
«Օրրան»-ի այս տարվա հանգանակությունը կազմեց մոտ 94 միլիոն դրամ, որից 55 միլիոնը նվիրաբերել է ՎիվաՍել ՄՏՍ-ը: 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play