2013թ. համեմատ 2014 թվականի բյուջեում թեքահարթակների ծրագրի ֆինանսավորումը կրկնապատկվելու է


2013թ. համեմատ 2014 թվականի բյուջեում թեքահարթակների ծրագրի ֆինանսավորումը կրկնապատկվելու է

  • 27-11-2013 18:51:44   | Հայաստան  |  Տնտեսություն
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող՝ Երևանի քաղաքային հանձնաժողովի հերթական՝ ժամանակացույցին համապատասխան նիստն է կայացել հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ։
Օրակարգում ընդգրկված հարցերը հանձնաժողովը քննարկել է ընդլայնված նիստում, որին մասնակցել են նաև հաշմանդամների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներ։ 
Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել մատչելի դարձնելուն ուղղված 2013 թվականին կատարված ծրագրերը՝ Կամո Արեյանը ընդգծել է հատկապես մայրաքաղաքի փողոցներում, մայթերին, ինչպես նաև նորոգված պուրակներում թեքահարթակների կառուցումը և ընդգծել, որ առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացել, մասնավորապես, 20 մլն դրամ՝ թեքահարթակներ կառուցելու նպատակով. Դրա շնորհիվ 293 թեքահարթակ է կառուցվել։ 


Հանձնաժողովի անդամ, հատուկ կարիքներով մարդկանց աջակցության <<Ունիսոն>> հասարակական ազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ այս տարվա աշխատանքներից շահառուները գոհ են և պատրաստ են հետագա համագործակցությանը։ 
Հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը նշել է, որ թեքահարթակների կառուցումը ներառված է քաղաքաշինական նորմերում։
<<Բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ հասարակական տիպի շենքերի նախագծման աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում, որպես պարտադիր պայման, նշվում է թեքահարթակների կառուցման անհրաժեշտությունը. Հանձնման-ընդունման, փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում>>,- ընդգծել է շինբարեկարգման վարչության պետը։ 


Սամվել Մհերյանը զեկուցել է, որ 2014 թվականին աշխատանքներն այս տարվա ծրագրի համեմատ կրկնակի են լինելու և հաշմանդամների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներին է հանձնել 197 փողոցներից բաղկացած նախնական ցանկը՝ սահմանված ժամկետում քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի կազմում ներգրավված, ինչպես նաև նիստին հրավիրված հասարակական կազմակերպություններին համագործակցության և առաջարկությունների համար, որոնք էապես օգտակար են աշխատանքները մասնագիտորեն և որակյալ իրականացնելու համար։
<<Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրելու է առկա թերությունները, եթե դրանք կան, որպեսզի անհապաղ շտկվեն։ 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման և հայտավորման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ կրկնապատկվել են թեքահարթակներին տրամադրվող ֆինանսական ծավալները, և այս տարի մենք բյուջեում նախատեսում ենք 40 մլն դրամ, քանի որ թեքահարթակների կարիք կա բոլոր վարչական շրջաններում։ Այսպիսի ֆինանսական ռեսուրսով կունենանք բավականին լավ ծրագիր։ Քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող ՀԿ-ներին, քննարկվելու է ամբողջ ծրագիրը, լսելու ենք կարծիքները, առաջարկությունները. որևէ մրցույթ մենք չենք հայտարարելու, մինչև ձեզ ներկայացված ցանկը չհամաձայնեցվի ձեզ հետ։ Սա հասցեագրված ծրագիր է, կարևոր են ձեր նկատառումները, ցանկությունները։ Խնդրում ենք սահմանված ժամկետում քննարկել, հանդես գալ առաջարկություններով>>,- նշել է Կամո Արեյանը։ 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի օրակարգում ներկայացվել է նաև ներառական կրթության համեմատական աճի ցուցանիշները։ Հանձնածողովի անդամ, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ բարելավվել են ներառական կրթության պայմաննրը, ինչի շնորհիվ 2013 թվականին արդեն՝ հաշմանդամություն ունեցող 1235 երեխաներ են հաճախում Երևանի հիմնական դպրոցներ։ 
Զեկուցվել է նաև <<Հանս-Քրիստիան Կոֆոեդ>> ԲՀԿ-ի կողմից ժամանակավոր կացարան տեղափոխված հաշմանդամություն ունեցող անօթևանների նկատմամբ տարվող խնամքի, դեղորայքով ապահովելու և բուժսպասարկման մասին տվյալները։ 

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն