Ուսուցողական սեմինար՝ դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար


Ուսուցողական սեմինար՝ դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար

  • 12-12-2013 14:07:56   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
ԾԱՂԿԱՁՈՐ, Հայաստան, 2013 թ. դեկտեմբերի 12 – Այսօր Ծաղկաձորում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի լավագույն պրակտիկայի թեմայով սեմինար դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար:
Սեմինարի ընթացքում դատական համակարգի ներկայացուցիչները և ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետները կքննարկեն   թրաֆիքինգին առնչվող քրեական գործերի դատական պրակտիկան, ինչպես նաև կուսումնասիրեն, թե ինչպես են միջազգային իրավական գործիքները ներառվում թրաֆիքինգին վերաբերող դատական պրակտիկայում: Մասնակիցները նաև կկիսեն իրենց փորձը և կքննարկեն աշխատանքային թրաֆիքինգի դատավարությունների ժամանակ ապացուցման բեռի հետ առնչվող մարտահրավերները: Միջոցառումը վարում է Իտալիայից ժամանած փորձագետը, որը կներկայացնի իր փորձը, որպես դատախազ, ով զբաղվում է մարդկանց թրաֆիքինգի դեպքերով:
Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը նշեց. «Այսօրվա սեմինարը կարևոր  ներդրում է թրաֆիքինգի դեմ պայքարի 2013-2015 թթ.. ազգային գործողությունների ծրագրի իրականացման գործում: Այն հնարավորություն է տալիս մասնակիցներին վերլուծելուիրենց աշխատանքը մարդկանց թրաֆիքինգի հետ կապված դեպքերով, քննարկելու թրաֆիքինգի հետ առնչվող դատավարության առանձնահատկությունները և կենտրոնանալու մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության միջազգային լավագույն փորձի վրա»: 
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը հավելեց. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ողջունում է աշխատանքային խմբի վճռականությունը հասնելու օրենքի և կառավարման տարբեր դերակատարների մասնակցությամբ այնպիսի համակարգի, որը կաջակցի զոհերին և արագ կգտնի և կպատժի հանցագործներին: Այս սեմինարը պետք է օգնի մեր գործընկերներին բարելավելու իրենց կարողությունները թրաֆիքինգի զոհերի պաշտպանության, ինչպես նաև նրանց համար արդարության ապահովման գործում»: 
Սեմինարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի մաս է կազմում և իրականացվում է ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն