Տարվա ամփոփում՝ Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հոբելյանական համերգ-հանդիսություններով


Տարվա ամփոփում՝ Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հոբելյանական համերգ-հանդիսություններով

  • 17-12-2013 16:12:14   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հավատարիմ մնալով Հայաստանի ֆիլհարմոնիկի` հայ դասական երաժշտարվեստը և ոլորտի գործիչներին մեծարելու և ևս մեկ անգամ հանրահռչակելու առաքելությանը, 2013թ. երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին` Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հոբելյանական համերգ-հանդիսություններով: 
Դեկտեմբերի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հայ հռչակավոր օպերային երգիչ (բաս), ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի ծննդյան 55-ամյա և ստեղծագործական կյանքի 33-ամյա հոբելյաններին նվիրված համերգ հանդիսություն, որին Էդուարդ Թոփչյանի դիրիժորական փայտիկի ներքո օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցների կատարմամբ հանդես կգա ինքը` մեծանուն երգիչը: Ծրագրում, մասնավորապես, կներկայացվեն Վերդիի, Մոցարտի, Չայկովսկու, Սպենդիարյանի, Բիզեի, Գունոյի, Մուսորգսկու ստեղծագործություններից:
Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆիլհարմոնիկը կներկայացնի համերգ` նվիրված դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամա հոբելյանին: Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և անվանի օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս), Իրինա Զաքյանը (սոպրանո), Բերջ Քարազյանը (տենոր), Սոնա Մովսեսյանը (սոպրանո), Մանուշ Հարությունյանը (մեձո), Սարգիս Աղամալյանը (տենոր), Բողոս Բեազբեկյանը (բարիտոն), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս): Ծրագրում կհնչի Ջուզեպպե Վերդի («Նաբուկո» (NABUCCO), «Ազգերի հիմնը» (INNO DELLE NATIONI), STABAT MATER, Ռեքվիեմ. հատվածներ):
 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մամլո կենտրոն
Հեռ.` (+37410) 56 35 76, (+37494) 044 158
Էլ-փոստ` [email protected] , www.apo.am
 
ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Բարսեղ Թումանյանն իր երաժշտական կրթությունը նախ ստացել է Երևանի, այնուհետ` Մոսկվայի կոնսերվատորիաներում: Կատարելագործվել է Միլանի Լա Սկալա թատրոնում: 1980-ից Երևանի օպերային թատրոնի մենակատար է, սակայն նրա համաշխարհային ճանաչումն սկսվել է 1989թ., երբ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով երգիչը ելույթ ունեցավ Լոնդոնի արքունական օպերային թատրոնում (Royal Opera House): Բ.Թումանյանի փարիզյան բեմելը կայացել է Մեֆիստոֆելի դերերգով (Գունոյի <Ֆաուստ> օպերա): Իսկ Գերմանիայի բեմելը կապված էր Բորիս Գոդունովի դերերգի հետ` Մուսորգսկու համանուն օպերայում (Munich State Opera):  Էսկամիլիոյի դերերգով  (Բիզեի <Կարմեն> օպերա) Բարսեղը հանդես է եկել Համբուրգում, Վիեննայում, Փարիզի Bastille Opera-ում  և Լոնդոնի Royal Opera House-ում: 1992-ին կայացավ նրա բեմելը Բոննում` օպերա-գալա ծրագրում: 1990-ականների սկզբին Բարսեղը Ավստրալիայում հատուկ մրցանակի է արժանացել Մեֆիստոֆելի դերակատարման համար (Գունոյի <Ֆաուստ>): Բացառիկ հաջողված էր Բ.Թումանյանի ելույթը Նիդեռլանդներում` Վերդիի <Լուիզա Միլլեր> օպերայում: 1997-ին նա մասնակցել է Royal Opera House-ի Վերդի փառատոնին: Բ.Թումանյանի մենահամերգները կայացել են Վաշինգտոնում, Բոստոնում, Պրովիդենսում, Մոնրեալում, Տորոնտոյում, ինչպես և Ավստրիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի քաղաքներում: 2005-ից Բ.Թումանյանը հաջողությամբ հանդես է եկել Վիեննայում, Զալցբուրգում, Մյունխենում, Բեռլինում և Եվրոպայի այլ քաղաքներում: Սանկտ Պետերբուրգում, տեղի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, նա ելույթ է ունեցել Հայաստանի մշկույթի փառատոնում: Դրան հաջորդեցին  համերգներ` Չինաստանում և Ճապոնիայում: Վերջերս <Սանկտ Պետերբուրգի Պալատներ> փառատոնում նա հանդես եկավ դիրիժոր Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ, որին հետևեցին Ռուսաստանի, Ավստրիայի, Գերմանիայի հյուրախաղերը: 
1990-ին Բարսեղը ստեղծել է Tumanyan company սպը-ն: Հայկական գորգի հայտնի մասնագետների, դիզայներ-նկարիչների, ազգագրագետների մասնակցությամբ ուսումնասիրություններ է կատարել հայկական դասական գորգի պատմության ասպարեզում և ստեղծել հայկական գորգի զարդանախշերի ինքնատիպ հավաքածու, որը ներկայումս եզակի է իր տեսակի մեջ: Բ.Թումանյանը հիմնել է Ռենեսանս միջազգային մշակութային հիմնադրամը, որը միտված է տարածելու հայ և միջազգային մշակութային արժեքները: Թումանյանը հանդիսանում է Դելփյան խաղեր միջազգային փառատոնի հայկական մասնաճյուղի նախագահը: Բնության և հասարակության ակադեմիայի (Academy of Science of Nature and Society) փոխնախագահն է, անդամակցում է Բնության գիտության եվրոպական ակադեմիային (European Academy of Science of Nature) և Հոգևոր միության միջազգային ակադեմիային (International Academy of Spiritual Unity): 2003-ին Թումանյանին շնորհվել է Գերմանիայի Ասպետության միջազգային միության (International Knights’ Unity) Ասպետի կոչում: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
Ծնվել է 1928թ. հոկտեմբերի 23-ին, Ստամբուլում: 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում: 1944-51թթ ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր: 1947թ եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1957-61թթ` իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-61թթ` օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961թ. տեղափոխվել է Երևան և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1962թ. դիրիժորի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-87թթ եղել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1975թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբը ստեղծել է բազմազան ու հարուստ երկացանկ` ավելի քան 800 ստեղծագործություն` հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4 հազար համերգներով: Ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիո, Մոսկվայի Մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոններ և այլն): Հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկեր («Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր ձոն») և բազմաթիվ երգչախմբային մշակումներ: 1967թ. արժանացել է ՀԽՍՀ, 1978թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1970թ. արժանացել է ՀԽՍՀ, 1975թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1980թ.` ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն», 1992թ.` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց», 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», 1999թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների, 2009թ.` Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ» շքանշանի: Էկոլոգիական (2001թ.), Մոնրեալի տեղեկատվական (2008թ.), Բնության և հասարակության (2009թ.) միջազգային ակադեմիաների անդամ է:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ