Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել համահայկական հիմնադրամ՝ որպես այլընտրանք «Հայաստան» Համահայկական հիմնադրամին


Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել համահայկական հիմնադրամ՝ որպես այլընտրանք «Հայաստան» Համահայկական հիմնադրամին

  • 17-01-2014 13:47:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
"Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է: 
Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը: 
Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի  ձևավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը: 
Իրապես համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձևավորելու համար: Մասնավորապես` հարկ կլինի. 
1) մասնագետներ ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար, 
2) Հայաստանում և արտերկրի գաղթօջախներում ձևավորել ցանցային կառույց` իր գրասենյակներով, 
3) ստեղծել և գործադրել տեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվական գործունեություն և այլն), 
4) ապահովել հալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանությունը, 
5) ձևավորել վարչախմբի հեռացման և դրանից հետո պետության կառավարման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին` այլընտրանքային յուրային խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը և գործունեությունը:
Վերոհիշյալ գերխնդրի լուծման համար անհրաժեշտ է նաև չսնուցել օտարին ծառայող հանցավոր համակարգի այն քայլերը, որոնք նա կատարում է իրեն որպես յուրային մատուցելու միջոցով մեր ժողովրդին մոլորեցնելու նպատակով: 
Դրան է ծառայում նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամը: Այն վաղուց արդեն համազգային տուրքի միջոցով Հայրենիքի շենացման գործիք չէ, այլ կիրառվում է հատկապես Սփյուռքի հաշվին վարչախմբի քրեաօլիգարխիկ շահերն սպասարկելու համար: 
Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում դադարեցնել նվիրաբերումները վարչախմբին և դրա փոխարեն ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը":
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն