Կորուստների իրական ծավալների մասին գյուղնախարությունը հստակ տեղեկատվություն դեռ չի կարող տրամադրել


Կորուստների իրական ծավալների մասին գյուղնախարությունը հստակ տեղեկատվություն դեռ չի կարող տրամադրել

  • 31-03-2014 16:06:06   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար:
 
Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին ու խորհուրդներին և հենվելով սեփական փորձի վրա, հանրապետության ողջ տարածքում գյուղացիական տնտեսությունները հանգամանորեն նախապատրաստվում էին այգիների ծխահարման և ոռոգման, ինչպես նաև ավանդական մյուս միջոցներով, սպասվող վտանգը դիմագրավելուն: Այդ և նախարարության պատասխանատուների ու մասնագետների կողմից տեղերում անընդմեջ իրականացվող հերթապահությունը հույս էին ներշնչում, որ ձեռնարկված քայլերը հնարավորություն կտան ըստ ամենայնի խուսափել բերքի կորստից:
 
Ցավոք, ջերմաստիճանի կտրուկ անկումն այս անգամ անսպասելիորեն զուգորդվեց հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և քամու ուժեղ պոռթկումների հետ:
 
Այսօր և առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Առաջիկա գիշերը սպասվում է – 4 C, մայիսի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում` օդում -5 C - -6 C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է:
 
Կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս անհնար է տրամադրել: Առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:
 
Այս պահին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը։ 
Նոյյան տապան  -   Տնտեսություն