Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին քննարկել իրավիճակը հայաբնակ Քեսաբում


Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին քննարկել իրավիճակը հայաբնակ Քեսաբում

  • 06-04-2014 23:07:40   | Սիրիա  |  Վերլուծություն
 
ՄՈՍԿՎԱՆ ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱԲՆԱԿ ՔԵՍԱԲՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին քննարկել իրավիճակը հայաբնակ Քեսաբում և սկզբունքային գնահատական տալ այնտեղ կատարված իրադարձություններին։ Այս մասին, REGNUM լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասվում է գերատեսչության մամլո ծառայության ապրիլի 1-ի հայտարարությունում։

«Արդեն մի քանի օր է՝ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը գամված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Լաթաքիայից 65 կմ հեռավորությամբ՝ Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբ քաղաքում տիրող իրավիճակի վրա։ Ըստ ստացվող տեղեկությունների՝ Քեսաբ քաղաքի շրջակայքը, որտեղ հարյուրամյակներ շարունակ՝ դեռ Կիլիկյան Հայկական թագավորության գոյության ժամանակներից ի վեր, ստվարաթիվ հայեր են ապրում, ենթարկվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների ջոկատների (մի քանի հազար մարդ) դաժան հարձակմանը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ պատմականորեն հայկական անկլավում, որի վրա հարձակվել է մարդասպանների և բռնարարների միջազգային ավազակախումբը, ռազմական օբյեկտներ չեն եղել։ 700 ընտանիքների միակ մեղքը, որոնք, փորձելով փրկվել ջիհադականների հետապնդումներից, ստիպված են եղել լքել իրենց տները, եղել է այն, որ նրանք լոյալություն են պահպանել Սիրիայի կառավարության հանդեպ։ Ներկայում այդ մարդիկ ապաստան են գտել հարազատների մոտ և Լաթաքիայի՝ քրիստոնեական տարբեր դավանանքների պատկանող եկեղեցիներում»,- ասվում է հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է նաև YouTube-ում հայտնված տեսանյութին՝ նշելով, որ «անգամ եթե այն, ինչպես պնդում են որոշ աղբյուրներ, ներկայացնում է ոչ թե Քեսաբի հայերի մահապատիժը, այլ անգութ հաշվեհարդարը սիրիական բանակի զինվորների հանդեպ, դրանից այդ հանցագործությունը պակաս հրեշավոր չի դառնում»։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ծայրահեղականների վայրագությունները Սիրիայում։ Կարծում ենք, որ Լոհ-Էրնում «Ութնյակի խմբի» գագաթաժողովում առաջադրված խնդրի (համախմբել Սիրիայի կառավարության և ընդդիմության ջանքերը՝ սիրիական հողում ահաբեկչությունն արմատախիլ անելու, ծայրահեղականներին ջախջախելու և վտարելու նպատակով) իրագործումը ներկա պայմաններում առանձնակի հրատապություն է ստանում։ Ցանկացած վերապահում, որն ուղղված կլինի նրան, որ այս ուղղությամբ կատարվելիք գործնական քայլերը «հետաձգվեն» մինչև Սիրիայում «անցումային կառավարող մարմնի» կազմավորումը և, առավել ևս՝ ահաբեկիչների հանցագործություններն արդարացնելու փորձերը միանգամայն անընդունելի են։ Հարկավոր է գործել անհապաղ»,- նշել են ԱԳՆ-ում՝ ավելացնելով, որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է քննարկի իրավիճակը Քեսաբում և սկզբունքային գնահատական տա այդ իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանին գտնվող և գերազանցապես հայաբնակ սիրիական Քեսաբը մարտի 22-ից ենթարկվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող զինյալների հարձակումներին։ Սիրիայի իշխանությունները հավաստիացրել են, որ բանակը կանի հնարավոր ամեն բան՝ այդ շրջանում խաղաղությունը վերականգնելու համար։ Սիրիական իշխանությունների կարծիքով՝ Թուրքիան ոչ միայն խրախուսել է Քեսաբի վրա զինյալների հարձակումը, այլև նրանց ծանր սպառազինություն է տրամադրել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատ քեսաբահայերի (700 ընտանիք) տեղափոխել են Լաթաքիա։ Օրերս նրանց էին այցելել հայ պատգամավորներ, որոնք հանդիպում են ունեցել նաև Սիրիայի նախագահի հետ։

Նշենք, որ Հայաստանի Սփյուռքի նախարարության տվյալներով՝ եռամյա արյունահեղ պատերազմից հետո Սիրիայում 50 հազար հայ է մնացել (ըստ որոշ տվյալների՝ Սիրիայի հայ համայնքում մինչև պատերազմը 100 հազար մարդ կար, որոշ աղբյուրներ նշում են 60 հազար, Սփյուռքի նախարարությունը՝ 80 հազար թիվը)։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ավելի քան 11 հազար սիրիահայեր փախել են Հայաստան։ Հայ փախստականների զգալի մասն ապաստան է գտել հարևան Լիբանանում։ REGNUM լրատվական գործակալության՝ Հայ Առաքելական եկեղեցու Լիբանանի թեմին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ նրանց թիվը կազմում է ավելի քան 10 հազար մարդ։ Եվս մոտ 10 հազար սիրիահայեր, ըստ փորձագիտական գնահատականների, արտագաղթել են արաբական այլ երկրներ, Եվրոպա և ԱՄՆ։ Հայաստանի Սփյուռքի նախարարության տվյալներով՝ հակամարտության զոհ են դարձել 90 հայեր։

http://www.regnum.ru/news/armenia/1785569.html
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play