Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները. ԱՄՆ պետքարտուղարություն


Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները. ԱՄՆ պետքարտուղարություն

  • 02-05-2024 14:12:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը սպառնում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
 
Գերատեսչությունը նշում է, որ օրինագիծը Կրեմլի ազդեցությունն է կրում և նպատակ ունի «լռեցնելու քննադատներին և վերացնելու Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը»։
 
«Այս օրինագիծը և «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են վտանգավոր հետագծի վրա: Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և դրանով իսկ սպառնալիքի տակ են դնում Վրաստանի ուղին դեպի եվրատլանտյան ինտեգրում», - ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
 
Հայտարարության համաձայն՝ Արևմուտքի օգնությունը Վրաստանին տնտեսության և ժողովրդավարության զարգացման բնագավառում, որը ցուցաբերվել է 32 տարի շարունակ, «ճիշտ չի բնութագրվում» պաշտոնական Թբիլիսիի կողմից, և դա «արմատապես խարխլում է Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ ձևավորված մեր ամուր հարաբերությունները»:
 
Պետքարտուղարությունը նաև դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ» և կոչ է արել իշխանություններին «թույլ տալ բռնություն չգործադրող ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից»:
 
Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։
 
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։
 
Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում հանրահավաքներ են անցկացնում օրինագծի դեմ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play