Բնակարանային պատշաճ պայմաններ` անապահով ևս 25 ընտանիքի համար


Բնակարանային պատշաճ պայմաններ` անապահով ևս 25 ընտանիքի համար

  • 11-04-2014 11:46:21   | Հայաստան  |  Բարեգործություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հայտարարում են բնակարանաշինության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հովանավորվող ծրագրի պաշտոնական բացումը կայացել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: Համագործակցող կողմերը համատեղ կառուցման աշխատանքներ են իրականացրել գյուղում: Սոցիալական ծրագրի նպատակը  անապահով ընտանիքներին աջակցելն է` իրենց տները կառուցելու և վերանորոգելու գործում: Դրա շահառուները են Տավուշի և Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքները: 
 
Այսօր Հայաստանի սահմանամերձ գյուղերը ճգնաժամային այնպիսի վտանգի առջև են, ինչպիսիք են տնազրկությունը, աշխատատեղերի սղությունը, որոնք էլ իրենց հերթին դառնում են արտագաղթի պատճառ:  Կա նաև ցածր բնական վերարտադրողականության խնդիր, ինչը վտանգում է գյուղերի գոյությունը: Սահմանամերձ գյուղերին աջակցելու, առկա վտանգները նվազեցնելու, Հայաստանի սահմանամերձ տարածքներում ապրելու և ընտանիք պահելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն. դրամի ներդրում: իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է իրականացնել այդ ծրագիրը, որի նպատակը  սահմանամերձ գյուղերի 10 ընտանիքի օգնելն է` իրենց կիսակառույց տների շինարարությունն ավարտելու և 15 ընտանիքի՝ վերանորոգելու հարցում:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմի համագործակցությունը սկսվել է դեռևս 2007թ.-ին և եղել է արդյունավետ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության և նվիրման շնորհիվ, արդեն 25 ընտանիք վայելում է հարմարավետ տանիքի տակ ապրելու  երջանկությունը: Այս երկար և արգասաբեր համագործակցության շնորհիվ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայուն սոցիալական ներդրում է կատարում Հայաստանի համայնքների պահպանման և զարգացման գործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորմամբ ` ընկերությունը ստանձնել է տնազրկությունը Հայաստանում վերացնելու առաքելության մի մասը:
 
«Սահմանագծին ապրող այս մարդիկ ևս մեր երկրի սահմանները պահողն են, և մենք պետք է ձեռք մեկնենք նրանց՝ օգնելով բարելավել իրենց կյանքի որակը: Այս տան շարվող պատերի յուրաքանչյուր քար և բարձրացող ամեն մի տանիք հանդիսանում են մեր երկրի հենասյունը: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մենք իրականություն ենք դարձնում այս մարդկանց երազանքը. վերջապես ավարտին հասցնել կիսակառույց տների կառուցումը և զավակներին ապահով և բարեկարգ պայմաններում մեծացնելու հնարավորություն ստանալ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունը երկար տարիների փորձով է հաստատել իր արդյունավետությունը՝ բազմաթիվ ընտանիքների կյանքում իրապես փոփոխություն մտցնելով: Սա մի յուրօրինակ համագործակցություն է, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. պատասխանատվություն առ համայնքներ, պատասխանատվություն առ ընտանիքներ, որոնք ապրում են մեր կողքին, որոնք մեր հասարակության մի մասնիկն են, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը: Այս նոր ծրագրով նախատեսվում է աջակցել սահմանամերձ համայնքներում ապրող 25 ընտանիքների, որը ավելի լավ կենսամակարդակ փնտրելու համար Հայաստանից չհեռանալու հնարավորություն կտա նրանց՝ նպաստելով նաև պետության սահմանների անվտանգության պահպանմանը»,-ասաց Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play