Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի եւ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեների միջեւ


Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի եւ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեների միջեւ

  • 17-07-2010 14:59:53   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը հնարավորություն կտա քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ալեքսանդր Ժուկովը եւս ընդգծել է տարբեր եւ, մասնավորապես, սպորտի ոլորտում համագործակցության խորացման կարեւորությունը։ Որպես Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ` նա կարեւորել է երկու երկրների օլիպիական կոմիտեների միջեւ փոխգործակցության զարգացումը։ Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերին է ներկայացվել Սեւանի տարածքում սպորտային համալիրի կառուցման նախագիծը, որով նախատեսվում է համաշխարհային մասշտաբի սպորտային համալիրի ստեղծում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրների սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի եւ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի միջեւ։ Փաստաթուղթն ստորագրել է Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի անունից` Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անունից` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը։ Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացել է ՀՀ վարչապետի եւ ՌԴ փոխվարչապետի համատեղ մամուլի ասուլիսը։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play