Վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը


Վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը

  • 23-05-2014 18:57:15   | Հայաստան  |  Մշակույթ
Կյանքի 79-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը:
Անցյալ դարի 50-70-ական թվականներին հայկական օպերային արվեստն ունեցավ բազմաթիվ տաղանդաշատ երգիչների աստղաբույլ, որոնց թվում փայլեց նաև Վահան Միրաքյանի աստղը: Նրա մարմնավորած յուրաքանչյուր նոր դերերգ դառնում էր երաժշտագետների ու թատերագետների, ինչպես նաև օպերային արվեստի երկրպագուների հիացմունքի ու գնահատանքի առիթ:
Լենսկի /Պ. Չայկովսկի «Եվգենի Օնեգին»/, Հերցոգ /Ջ. Վերդի «Ռիգոլետո»/, Ալֆրեդ /Ջ. Վերդի  «Տրավիատա»/, Սարո /Ա. Տիգրանյան «Անուշ»/, Սայաթ-Նովա /Ալ. Հարությունյան «Սայաթ-Նովա»/, Էդգար /Գ. Դոնիցետտի «Լուչիա դի Լամերմուր»/, Խոսե /Ջ. Բիզե «Կարմեն»/, Ռուդոլֆ /Ջ. Պուչչինի «Բոհեմ»/, Պոլիոն /Վ. Բելլինի «Նորմա»/. ահա Վահան Միրաքյան արվեստագետի  մարմնավորած դերերգերի ոչ լրիվ ցանկը: 
Նրա համբավը շատ արագ դուրս եկավ Հայաստանի սահմաններից, նշանավոր տենորը շրջագայեց բազմաթիվ երկրներում` գրանցելով մեծագույն հաջողություններ` տարածելով հայ վոկալ արվեստի փառքը Խորհրդային Միության, եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ամերիկայում:
Բարձր են գնահատվել Վ. Միրաքյանի ծառայությունները հայկական երաժշտաթատերական արվեստի բնագավառում: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների, 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում: 
1980- ականներից սկսած Վ. Միրաքյանն իր բեղմնավոր գործունեությունը շարունակեց Վիեննայում, ապա`  ԱՄՆ-ում, որտեղ և կնքեց իր մահկանացուն:
Վստահ ենք, որ տաղանդաշատ արտիստի հիշատակը մշտապես վառ կպահեն օպերային արվեստի երկրպագուները: 
Վահան Միրաքյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ս. թ. մայիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:
 
Կառավարական հանձնաժողով
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play