Վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը
23-05-2014 18:57:15 | Հայաստան | Մշակույթ
Կյանքի 79-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը:
Անցյալ դարի 50-70-ական թվականներին հայկական օպերային արվեստն ունեցավ բազմաթիվ տաղանդաշատ երգիչների աստղաբույլ, որոնց թվում փայլեց նաև Վահան Միրաքյանի աստղը: Նրա մարմնավորած յուրաքանչյուր նոր դերերգ դառնում էր երաժշտագետների ու թատերագետների, ինչպես նաև օպերային արվեստի երկրպագուների հիացմունքի ու գնահատանքի առիթ:
Նրա համբավը շատ արագ դուրս եկավ Հայաստանի սահմաններից, նշանավոր տենորը շրջագայեց բազմաթիվ երկրներում` գրանցելով մեծագույն հաջողություններ` տարածելով հայ վոկալ արվեստի փառքը Խորհրդային Միության, եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ամերիկայում:
Բարձր են գնահատվել Վ. Միրաքյանի ծառայությունները հայկական երաժշտաթատերական արվեստի բնագավառում: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների, 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում:
1980- ականներից սկսած Վ. Միրաքյանն իր բեղմնավոր գործունեությունը շարունակեց Վիեննայում, ապա` ԱՄՆ-ում, որտեղ և կնքեց իր մահկանացուն:
Վստահ ենք, որ տաղանդաշատ արտիստի հիշատակը մշտապես վառ կպահեն օպերային արվեստի երկրպագուները:
Վահան Միրաքյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ս. թ. մայիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: