Նորարար միջոցներ՝ մաքուր էներգիան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բնակչությանը հասանելի դարձնելու համար


Նորարար միջոցներ՝ մաքուր էներգիան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բնակչությանը հասանելի դարձնելու համար

  • 18-06-2014 12:20:54   | Ֆիլիպիններ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
2014թ. հունիսի 18-ին Մանիլայում, Ֆիլիպիններ, մեկնարկեց Մաքուր էներգիան Ասիայում 9-րդ ֆորումի մաս կազմող «Կայուն էներգիա բոլորի համար» խորագրով Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր հանդիպումը, որի նպատակն է համախմբել ներդրումներն ու նորարար միջոցները՝ մաքուր էներգիան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բնակչության համար հասանելի դարձնելու համար:   
 «Էներգետիկ ռեսուրսների ապահովվածության տեսանկյունից աշխարհի ամենից անապահով բնակչությունն ապրում է հիմնականում Ասիայի զարգացող երկրներում: Այստեղ ավելի քան 600 միլիոն մարդ զրկված է էլեկտրաէներգիայից, շուրջ 1,8 միլիարդ մարդ սնունդ պատրաստելու և կացարանը ջեռուցելու համար որպես վառելիք մինչ օրս օգտագործում է վառելափայտ կամ փայտածուխ», - ասում է Գիտելիքների կառավարման և կայուն զարգացման գծով ԱԶԲ-ի փոխնախագահ Բինդու Լոհանին:
 
«Սակայն մենք կարող ենք հաղթահարել էներգետիկ աղքատությունը՝ էներգիայի կայուն և ցածր ածխածնային էներգետիկ միջոցներով: Այդ նպատակին հասնելու համար   նախաձեռնության շուրջ համախմբում ենք ներդրողների, նորարարների ու փորձագետների», - հավելում է պարոն Լոհանին: 
 
Նախաձեռնության շրջանակներում համագործակցում են Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), որը վարում և հյուրընկալում է ֆորումը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UNESCAP), ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):
 
Սա «Կայուն էներգիա բոլորի համար» նախաձեռնության ներքո կազմակերպվող երեք միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է 2011թ-ից սկսած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից: Այն հետապնդում է երեք հիմնական նպատակ, որոնց պետք է հասնել մինչև 2030թ: 
 
ա) երաշխավորել ժամանակակից էներգետիկ ծառայությունների համատարած հասանելիությունը,
բ) կրկնապատկել էներգաարդյունավետության զարգացման տարեկան տեմպերը ողջ աշխարհում,
գ) կրկնապատկել վերականգվող էներգիայի կիրառման մասնաբաժինը` էներգիայի բոլոր տեսակի աղբյուների ամբողջության մեջ: 
 
Այս համատեղ նախաձեռնության համար կօգտագործվեն ԱԶԲ-ի, ՄԱԿ-ի, ինչպես նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական և սոցիակական հանձնաժողովի  էներգետիկ ծրագրերի առկա կառույցները՝ տարածաշրջանի երկրներին աջակցելու մաքուր էներգիայի ոլորտի զարգացման համար արագ գնահատում իրականացնել, քաղաքականության մշակման արդյունավետ երկխոսություն ծավալել, ինչպես նաև համախմբել երկկողմանի և գլոբալ ֆոնդերի միջոցները և խթանել ներդրումները: 
 
Էներգիայի  պահանջարկը Ասիայում կտրուկ աճում է, քանի որ արագ ընդլայնվում են նաև տարածաշրջանի տնտեսությունները, իսկ բնակչության մեծամասնությունը դառնում է քաղաքաբնակ, ինչը ևս մեծացնում է էներգիայի սպառման ընդհանուր ծավալը: 2035թ-ի դրությամբ Ասիայի զարգացող երկրներում էներգիայի սպառման ծավալը կկազմի համաշխարհային բնական էներգետիկ պաշարների սպառման ծավալի 56%-ը՝ աճելով 2010թ-ի 34%-ի համեմատ: Շրջակա միջավայրը պահպանելու համար հարկավոր կլինի մեծացող պահանջարկը բավարարել վերականգնվող էներգառեսուրսների և էներգախնայողության լայն կիրառման միջոցով: 
 
Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ մինչև 2030թ. Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում էներգիայի համապարփակ հասանելիության համար անհրաժեշտ կլինի ավելի քան 200 միլիարդ դոլլարի ներդրում կատարել:  
 
Ասիայի 9-րդ էներգետիկ ֆորումը տեղի է ունենում Մանիլայում գտնվող ԱԶԲ-ի գլխամասային գրասենյակում՝ ս.թ. հունիսի 16-ից 20-ը: Կայուն էներգիայի  զարգացումը տարածաշրջանում քննարկելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 1000 մասնակցի, որոնց  թվում քաղաքականություն իրականացնող և նախագծեր մշակող մասնագետների, ներդրողների և տեխնիկական փորձագետների: Քննարկումներն անցկացվում են բարձր մակարդակով՝ Բութանի, Ճապոնիայի, Մալդիվների, Ֆիլիպինների, և Տաջիկստանի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ, և անդրադառնում են երեք հիմնախնդրի՝ էներգառեսուրսների մատչելիությանը, կայունությանը և էներգետիկ անվտանգությանը:   
 
Ֆորումին նախորդած հանդիպումների ժամանակ ԱԶԲ-ն փոխըմբռման հուշագիր ստորագրեց Աբու Դաբիում տեղակայված Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության հետ՝ պայմանավորվելով մաքուր և վերականգվող էներգիայի հիմնախնդրի լուծման մասին գիտելիքներ փոխանակել:  
    
Էներգիա հասանելիությունը, վերականգվող էներգիայի զարգացումն ու էներգաարդյունավետությունը ԱԶԲ-ի առաջնահերթություններից են: 2013թ-ին ԱԶԲ-ն 2.3 միլիարդ դոլլար է ներդրել մաքուր էներգիայի ոլորտում և նպատակադրվել է շարունակել տարեկան առնվազն 2 միլիարդ դոլլարի ներդրում կատարել այս ոլորտում: 
 
ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի,  բնապահպանակայուն զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ ԱՄՆ դոլլար՝ ներառյալ 6,6 միլիարդ ԱՄՆ դոլլարի չափով համաֆինանսավորումը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play