Միշել Սուլեյման. «Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին<br /> հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները»<br />


Միշել Սուլեյման. «Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին
հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները»

  • 13-04-2010 16:26:00   | Լիբանան  |  Քաղաքական
ԲԵՅՐՈՒԹ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եռօրյա պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 12-ի առավոտյան հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ: Լիբանանի արտգործնախարարը նշելով, որ հայերը մեծ դեր են կատարում Լիբանանի զարգացման գործում, հայտնել է, որ իրենք միշտ էլ ցանկանում են հարաբերություններ զարգացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Եվ այդ գործում մեծ դեր ունեն կատարելու երկու երկրների դեսպանությունները: Հ.Աբրահամյանն իր հերթին նշել է, որ նման այցերը նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը: Նա անհրաժեշտ է համարել հարաբերությունների ակտիվացումը նաեւ միջազգային կառույցներում, առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հարցին: ՀՀ ԱԺ նախագահը վերստին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչդեռ վերջինս, ըստ Հ.Աբրահամյանի, ձգձգում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը խորհրդարանի կողմից: Հ.Աբրահամյանը նշել է, որ ԼՂ-ի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա շատ կարեւոր է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ալի Շամիի խոսքերով, իրենք համաձայն են, որ հարցը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը մեկնել է Բաաբդա, որտեղ Լիբանանի նախագահի նստավայրում նրան ընդունել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Հ.Աբրահամյանը անընդունելի ու դատապարտելի է համարել, որ Թուրքիան դրանց վավերացումը կապում է ԼՂ խնդրի հետ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով, Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, բայց դրանք չեն կարող լինել հայ ժողովրդի արժանապատվության հաշվին: Լիբանանի նախագահը ցանկալի է համարել հարեւանների հետ փոխհարաբերությունների կարգավորումը դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքերով, Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները: Նա անընդունելի է համարել փոքր պետությունների կամ ազգերի իրավունքները խախտելը: Մ.Սուլեյմանը կարեւորել է Հայաստանի ու Լիբանանի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի նպաստ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ հայկական հարցի լուծման: Հ.Աբրահամյանը նշել է, որ պետք է պաշտպանվի յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացում ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, ԼՂ-ի ժողովրդի անվտանգությունը եւ ԼՂ-ի կարգավիճակի հարցը` Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մնացած հարցերում, ըստ նրա, Հայաստանը կարող է գնալ փոխզիջումների: ՀՀ ԱԺ նախագահը եւ Լիբանանի նախագահը կարեւորել են նաեւ երկու երկրների կառավարությունների միջեւ կապերի ակտիվացումը: Մասնավորապես, նշվել են առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտները: Հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունները ավելի հանգամանալից քննարկվել են Հ.Աբրահամյանի եւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպման ժամանակ: Հ.Աբրահամյանը անհրաժեշտ է համարել տնտեսական կապերի ընդլայնումը, նշելով, որ որպես խորհրդարանի նախագահ ամեն ինչ կանի դրանց զարգացման համար: Նա առաջարկել է Լիբանանի վարչապետի այս տարվա սեպտեմբերին Հայաստան այցի շրջանակներում անցկացնել հայ-լիբանանյան բիզնես-ֆորում: Հանդիպմանը քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Սաադ Հարիրին նշել է, որ դրանց բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող քայլերն ուղղված են տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն ապահովելուն: Նույն օրը Հ.Աբրահամյանն այցելել է Լիբանանի նախկին վարչապետ, նահատակ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին եւ ծաղկեպսակ դրել: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է պատմական Բաալբեկ, որտեղ նրան դիմավորել է քաղաքապետը, ում հետ ՀՀ ԱԺ նախագահը կարճատեւ հանդիպում է ունեցել: Ապրիլի 12-ի երեկոյան Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայաբնակ Այնջար բնակավայր: Նա ծաղկեպսակ է դրել մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցել հայրենակիցների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական