Դեռևս ուշ չէ խուսափել համամոլորակային աղետից.Հայկ Քոթանջյան


Դեռևս ուշ չէ խուսափել համամոլորակային աղետից.Հայկ Քոթանջյան

  • 08-10-2014 16:36:04   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը ս. թ. հոկտեմբերի 7-ի նիստում, արտահայտելով մտահոգություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև խորացող առճակատման կապակցությամբ, ընդունեց դիմում` ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ, Նորին գերազանցություններ պարոն Վլադիմիր Պուտինին և պարոն Բարակ Օբամային` նրանց կոչ անելով վերադառնալու ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների «վերաբեռնման» քաղաքականությանը: Դիմումի տեքստը բաժանվել է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր միջազգային ներկայացուցչություններին: Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Պաշտպանության ազգային համալսարանի (ԱՄՆ) առաջատար հրավիրված պրոֆեսոր և Հարվարդի համալսարանի Ջ. Քենեդիի անվան Պետութենաշինության դպրոցի հրավիրված հետազոտող, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
 
 
ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ ԽՈՒՍԱՓԵԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ
ԴԻՄՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ` ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ 
ԵՎ ՊԱՐՈՆ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ
 
Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին
Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո Նախագահ Բարակ Օբամա
 
Համայն մարդկությունը լրջորեն անհանգստացած ու մտահոգված է երկու միջուկային տերությունների` ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների լարվածության խորացմամբ, որը հղի է հակամարտության վերածվելու վտանգով: Ժամանակակից աշխարհում Ձեր գլխավորած պետությունների բացառիկ կարևոր դերը, դիրքը և ազդեցությունը հաշվի առնելով` աշխարհի ժողովուրդներն սկսում են ավելի ու ավելի մտահոգվել այն բանի համար, որ եթե աշխարհի երկու առաջատար պետությունների միջև առճակատումը շարունակվի և խորանա, ինչի նշաններն արդեն ցայտունորեն արտահայտվում են, այն կարող է դուրս գալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիմակայության սահմաններից: Գիտնական-փորձագետները վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային ներուժը լիովին բավարար է մեր ընդհանուր տունը` Երկիր մոլորակը, մի քանի անգամ ոչնչացնելու համար: Համոզված ենք, որ չի կարելի թույլ տալ, որ այս մտահայեցական եզրակացությունն ստանա գործնական հաստատում, հատկապես, որ նման իրադարձության վկաներ այլևս չեն լինի, քանի որ երկրագնդի հետ կոչնչանա նաև այն բնակեցնող ամբողջ մարդկությունը: Մենք վստահ ենք, որ Դուք ևս այդպիսի բան չեք ցանկանում: 
 
Մեծարգո պարոն Վլադիմիր Պուտին
Մեծարգո պարոն Բարակ Օբամա
 
Ձեր ղեկավարած պետություններին Ճակատագրով վիճակված է այնպիսի կարևոր առաքելություն, ինչպիսին է մոլորակի և նրա վրա բնակվող բոլոր մարդկանց անվտանգ գոյության, զարգացման, բարեկեցության ու խաղաղ կյանքով ապրելու իրավունքի ապահովումը: Միևնույն ժամանակ, ներկայիս  քաղաքական իրավիճակում ավելի ու ավելի ազդու են դառնում այն մարտահրավերները, որոնց աղբյուրներն են միջազգային ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրաբիզնեսն ու մարդկանցով առևտուրը, մոլորակային մասշտաբի բնապահպանական խնդիրները: Հենց Ձեր ղեկավարած պետություններին` որպես համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատարների է նախանշված այդ սպառնալիքների դեմ պայքարում ուղղորդել համաշխարհային հանրության ջանքերը: 
 
Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ելքը վերադարձն է այն քաղաքականությանը, որը Դուք դեռ վերջերս էիք վարում, և որը պատմության մեջ արդեն մտել է «ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման քաղաքականություն» անվամբ: Դա բանակցությունների, երկխոսության, փոխադարձ հարգանքի ու փոխզիջման սկզբունքների վրա հիմնված և իրեն արդարացրած քաղաքականություն է, որն արթնացրել է ինչպես Ձեր ղեկավարած ժողովուրդների, այնպես էլ համայն մարդկության խաղաղ, կայուն զարգացման հույսեր և արժանացել համաշխարհային հանրության մեծ աջակցությանը: Մենք միանում ենք այն գիտնականներին, որոնց կարծիքով տվյալ քաղաքականությունը իրեն տակավին չի սպառել և կարող է ծառայել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման և լարվածության թուլացման շահերին, ինչպես նաև միջազգային հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու նպատակին: 
 
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Անտարակույս, Ձեր գլխավորած պետություններն ունեն մերձեցման քաղաքականությունն ապահովելու և իրացնելու համար հսկայական մասնագիտական ռեսուրս, ինչպես նաև այդ երկու տերությունների միջև ծագած հակամարտությունների լուծման փորձ: Համաշխարհային առճակատման աճման ներկայիս միտումները նախադեպ չունեցող կարևորություն են տալիս վստահության ու համընդհանուր անվտանգության շահերի գերակայության սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Ձեր պետությունների համագործակցությանը: Բացի այդ, Ասոցիացիան  Ձեզ կոչ է անում օգտագործելու ԵԱՀԿ շրջանակներում Ձեր պետությունների միջև համագործակցության լավ մշակված ու փորձարկված մեխանիզմները, մի կազմակերպության, որը միմյանց է մոտեցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության, այնպես էլ անվտանգության ու համագործակցության համընդհանուր արժեքներն ընդունող մի շարք պետությունների շահերը: Եվրոպայում առճակատման ներուժի ներկայիս զարգացման համատեքստում ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ինտենսիվացումը անհրաժեշտ է առաջին հերթին Ձեր գլխավորած տերությունների` որպես համաեվրոպական անվտանգության երաշխավորների առաջատար դերի տեսակետից:
 
Հայաստանի քաղաքագետների, քաղաքական սոցիոլոգների և հակամարտաբանների գիտական ներուժը համախմբող Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, ելնելով աշխարհի քաղաքագետներին միավորող մասնագիտական պարտքից, պատիվ ունի դիմելու Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիային և ԱՄՆ-ի քաղաքական գիտության ասոցիացիային` առաջարկելով գործի դնել իրենց գիտափորձաքննական ծառայություններն այս ամենակարևոր, համայն մարդկության համար բախտորոշ խնդիրը լուծելու նպատակով: 
 
Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ-ի մեծարգո Նախագահ Բարակ Օբամա, համայն մարդկությունը խորապես երախտապարտ կլինի Ձեզ այդ որոշման համար, որը Ձեզ պատվավոր տեղ կապահովի համաշխարհային պատմության մեջ: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play