Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսության առջեւ
հազարավոր մարդիկ կբողոքեն Հայոց ցեղասպանության մերժման դեմ
08-04-2010 18:48:00 | ԱՄՆ | Հասարակություն
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի
24-ին Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսության առջեւ կհավաքվեն
հազարավոր մարդիկ, որոնք Միացյալ Նահանգներից կպահանջեն ճանաչել
Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ վերջ դնել Թուրքիայի
կողմից Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությանը:
Հայ երիտասարդության ֆեդերացիայի կազմակերպած այս տարվա
բողոքի ցույցը կզուգադիպի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ նախագահ
Բարաք Օբամայի ձեռնարկելիք քայլերի հետ, որոնք նպատակ ունեն ստիպել
Թուրքիային` պատասխան տալ հայերի դեմ կատարած ոճիրների համար:
Այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 95-ամյա
տարելիցի կապակցությամբ ամերիկահայերը կբողոքեն Ամերիկայի ձայնը
լռեցնելուն ուղղված Թուրքիայի ջանքերի դեմ եւ կրկին կցուցադրեն
ամերիկահայերի վճռականությունը` շարունակել իրենց պայքարը
արդարության, ճանաչման եւ փոխհատուցման համար: Այս մասին է
հաղորդում haytoug.org կայքէջը: