Բաքուն նորանոր սադրանքների է գնում


Բաքուն նորանոր սադրանքների է գնում

  • 13-11-2014 12:58:11   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները կրկին կոպիտ սադրանքի են դիմել սահմանի ադրբեջանա-ղարաբաղյան հատվածում: Կատարված ռազմական սադրանքի արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված Ուժերի ուսումնավարժական ուղղաթիռը: Լեռնային Ղարաբաղի ուժային գերատեսչությունները դեռևս ճշտում են զոհերի քանակը, մինչդեռ ոչ հաստատված տեղեկության համաձայն` զոհվել է ուղղաթիռի ամբողջ անձնակազմը` երեք հոգի:
 
«Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ», -ասված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայտարարությունում:
 
Ինչպես հայտնի է դարձել քիչ անց, ամբողջ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական Ուժերի և ադրբեջանական բանակի միջև ակտիվ պայքար է տեղի ունեցել խոցված ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև անձնակազմի դիակների համար:
 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին Ադրբեջանի Զինված Ուժերը իրականացրել են աննախադեպ սադրանք, որը նաև հանգեցրել է իրավիճակի լարվածության, իսկ ադրբեջանական կողմի ստերը, թե հայկական ուղղաթիռները ձեռնարկել են գրոհ իրենց դիրքերի վրա և իրենք իբրև թե ընդամենը այդ քայլին են պատասխանել, անիմաստ են:
 
Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն զինված չի եղել: Ադրբեջանական կողմից իրավիճակի լարվածությունը շարունակվել է նույնիսկ ուղղաթիռի վայրէջքից հետո: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները` թույլ չտալով նույնիսկ մոտենալ օդաչուներին: Այդ աննախադեպ էսկալացիայի հետևանքները շատ ծանր կնստեն ադրբեջանական կողմի վրա և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին», -հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո-խոսնակ Արծրուն Հովհաննեսյանը:
 
Հիշեցում. 1994թ. Բիշկեքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական ուժերի միջև Հրադադարի պայմանագիր ստորագրելու պահից ի վեր ադրբեջանցիներն, այնուամենայնիվ, շարունակում են խախտել հրադադարի պայմանները: Ամեն տարի Ադրբեջանի կողմից կատարված տարբեր ռազմական դիվերսիաների ընթացքում ինչպես Լեռնայի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ գծով մեկ սպանվում են տասնյակ մարդիկ, ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: 
 
Հաշվի առնելով հակառակորդի հոգեբանությունը` երկար տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը տարածարջանում կայունության և խաղաղության պահպանման և լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտի էսկալացիա թույլ չտալու նպատակով ստիպված են որոշակի քայլեր ձեռնարկել ադրբեջանական բանակին հանդարտեցնելու և զսպելու ուղղությամբ: 
 
Հարկ է նաև նշել, որ նման տեսակի սադրանքը հակաօդային պաշտպանության սարքերի օգտագործմամբ, ադրբեջանցիների կողմից առաջին անգամ իրականացվել է 1994թ.-ից ինչը ևս անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում հետագա կայունության համար:
 
ԵԱՀԿ-ի Մինսկյան խմբի համանախագահները (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) արդեն հայատարարություն են արել նոյեմբերի 12-ին կատարված ադրբեջանական սադրանքի վերաբերյալ, մինչդեռ ինչպես բոլոր նախկին դեպքերի ժամանակ, Մինսկի Խումբը նորից զերծ մնաց իրական սադրիչին իր անունով կոչել և ստիպել նրան դադարեցնել սադրիչ գործողություններ ձեռնարկել:
 
«Համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնում շփման գծի մոտ խոցված ուղղաթիռի և վերջին բռնությունների առթիվ: Մենք ափսոսում ենք զոհված մարդկանց համար և ցավակցում ընտանիքներին:
 
Համանախագահները անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հանգեցրել են նման արմատական դեպքի, առաջինն իր տեսակի մեջ հրադադարի պայմանագիր ստորագելուց հետո: Մենք համառորեն կոչ ենք անում կողմերին խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության թեժացմանը հայ-ադրբեջանական սահմանագծում: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: 
 
Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն:
 
Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը՝ պահպանել հրադադարը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք նաեւ կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին և կնվազեցնեն հավանականությունը այնպիսի դեպքերի, ինչպիսին այսօրվա միջադեպն է»,-ասված է ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված Մինսկյան Խմբր համանախագահների հայտարարությունում:
 
ՄԱԿ-ը ևս մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից կատարված սադրանքը. «Մեզ անհրաժեշտ է փաստեր ստանալ և պարզաբանել մանրամասները, բայց տվյալ պահին ոչ մի հաստատում չկա», -նոյեմբերի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի պաշտոնական փոխներկայացուցիչ Ֆարխան Խակը:
 
«Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:
 
Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ 
 
Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը», -ասվում է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում:
 
Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների անորոշության, իրերն իրենց իրական անուններով անվանել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել չցանկացողների ֆոնի վրա, նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ «հայկական ռազմական Մի-24 ուղղաթիռը խոցելու, զինծառայության ընթացքում զգոնություն և հերոսություն ցուցաբերելու համար իրական ծառայության զինծառայող, ջոկատի հրամանատար Մուրադով Իլկին Մամեդ Օղլուն Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից պարգևատրվել է «Զինծառայության ընթացքում առանձնանալու» երրորդ կարգի շքանշանով և թանկարժեք նվերով»: …
 
http://armenian-community.ge/News/890?lang=arm
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play