Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ


Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ

  • 21-11-2014 15:38:40   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Սան Ռեմոյի (26 ապրիլի, 1920թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի, 1920թ.) հայցադիմումների հիման վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր Իրավարար Վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության ուժի մեջ մտավ անմիջապես և անվերապահորեն:
 
Իրավարար վճռի նախընթացը
 
1920թ.-ի ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի եռագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ-ի նախագահին երկու խնդրանքով. «Ա»՝ ստանձնել Հայաստանի մանդատը,  «Բ»՝ իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը: 
 
Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի`  Ֆրանսիայի վարչապետ և արգործնախարար Ալեքսանդր Միլերանի 1920թ.-ի  ապրիլի 27-ի պաշտոնագրով: Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե քսան երկրի անունից հղվեց ԱՄՆ-ի նախագահին: ԱՄՆ-ի նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրակրկիտ ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը: 
 
Վուդրո Վիլսոնը Իրավար Վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ` դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է` ՙԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի  ապառազմականացման վերաբերյալ՚ 22 նոյեմբերի 1920թ.:
 
Իրավար վճռի բովանդակությունը
 
Ըստ իրավարար վճռի` Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ:  Դա  կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա  Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը:   Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
 
 
Իրավար վճռի ներկա կարգավիճակը 
 
Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար: Այն չունի ժամանակային սահմանափակում  և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանարպես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Ըստ միջազգային իրավունքի` կողմերը համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընմիշտ  ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի  իրավարարի ցանկացած վճիռ: Կողմերից մեկի մերժումը ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա:  Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 18 այլ երկներրի  կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են` Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա և Սլովակիա: Այն պարտադիր է նաև իրավարարի` Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ-ի նախագահի ցանկացած պաշտոնական  դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը  և իրավարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար :  
 
Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի Կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի «ա» և «բ»  ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավար վճռի  վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:
 
http://armenian-community.ge/News/914?lang=arm 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը