Հայաստանը պետականորեն շատ պասիվ է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի դեմ պայքարում. Արգամ Այվազյան


Հայաստանը պետականորեն շատ պասիվ է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի դեմ պայքարում. Արգամ Այվազյան

  • 26-11-2014 12:20:13   | Հայաստան  |  Մշակույթ

Լույս են տեսել Մեծն Կոմիտասի հիշատակին եւ Նախիջևանում գտնվող «Աժդանական կամ Վիշապասար» կոչվող լեռանը նվիրված «Քյոթահիահայ հախճապակեգործության մի կարևոր հավաքածու» և «Աժդանական կամ Վիշապասար» վերնագրերով գրքերը:
Ինչպես նոյեմբերի 26-ին տեղի ունեցած շնորհանդեսին նշեց գրքերի հեղինակ, ճանաչված հայագետ-նախիջևանագետ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների 2010 թվականի դափնեկիր Արգամ Այվազյանը, հայագիտության կարևորագույն բացերից մեկն այն է, որ ներկա պահին Քյոթահիայի (որը Կոմիտասի ծննդավայրն է) հախճապակու արվեստով ոչ ոք չի հետաքրքրվում և չի զբաղվում, մինչդեռ ժամանակին այդ արվեստը ուսումնասիրող մասնագետների կեսը եղել են պոլսահայեր:
« Քյոթահիայի հախճապակու ուսումնասիրությունների ժամանակ ցավալի մի փաստ նկատեցի, որ օտար մասնագետները, մասնավորապես, գերմանացիները, ռուսները, անգլիացիները և այլ ազգերն իրենց հիշատակություններում մեր մշակութային արժեքները ներկայացրել են ծուռ հայելու մեջ»,- նշեց Ա. Այվազյանը:
Անդրադառանալով «Աժդանական կամ Վիշապասար» գրական էսսեին` հեղինակը տեղեկացրեց, որ այդ լեռան վրա 1989 թվականին հայտնաբերվել է Անդրկովկասում առայժմ հայտնի ամենահին ուրարտական սեպագիրը, որը թվագրվում է ք.ա 820-ական թվականներով: 
Գրական էսսեն համալրված է լեռան և շրջակա բնակավայրերի հայկական հուշարձանների, այդ թվում նաև սեպագրի 100-ից ավելի լուսանկարներով:
«Նախիջևանի տարածքի գրեթե կենտրոնական հատվածում գտնվող այս լեռը ես բարձրացել եմ խորհրդային տարիներին և այն անվանել եմ նախիջևանյան Մասիս` իր գեղեցկության և խորհրդավորության պատճառով»,- նշեց Ա.Այվազյանը: 
Ըստ նրա` տեղի հայագետները և պատմաբանները շատ պասիվ են այդ սեպագրի արժեքը և պատմական նշանակությունը ներկայացնելիս:
Ա. Այվազյանը ցավով նշեց, որ այժմ Նախիջևանի տարածքում այլևս գոյություն չունեն հայկական հուշարձաններ, իսկ միակ սեպագիրը առայժմ անվնաս է լեռան գագաթին գտնվելու պատճառով:
«Ադրբեջանի կողմից վանդալիզմի այս փաստը աննախադեպ է համաշխարհային և հայկական մշակույթի պատմության մեջ, ուստի հայ ժողովրդի ապագա սերունդներին փոխանցվելու են միայն այդ հուշարձաններին նվիրված գրական ստեղծագործությունները,  հրապարակումները և լուսանկարները»,- ընդգծեց Ա. Այվազյանը` հավելելով, որ Հայաստանը պետականորեն այնքան պասիվ գտնվեց այդ հարցում, որ չկարողացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին: 
«Մենք եղանք միայն փաստերը արձանագրողի դերում, մինչդեռ Ադրբեջանի «վայ» գիտնականները հնարավոր ամեն բան արեցին հայկական մշակութային արժեքները Ադրբեջանին և Թուրքիային  վերագրելով»,- նշեց բանախոսը և ավելացրեց, որ պետական մակարդակով ու ծրագրաված տարբերակով է պետք աշխատել նշված ուղղությամբ:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play